Միջազգային

Լեհաստանը հասել է ԵՄ-ի կողմից զիջումների՝ սահմանափակելու գյուղմթերքի ներմուծումն Ուկրաինայից

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը հասել է ԵՄ-ի կողմից զիջումների՝ սահմանափակելու գյուղմթերքի ներմուծումն Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն այս շաբաթ փոփոխություններ կներկայացնի ԵՄ առևտրային օրենսդրության մեջ․ դրանք Ուկրաինային սահմանակից երկրներին թույլ կտան սահմանափակումներ մտցնել այնտեղից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման համար, եթե դրանք սպառնում են Լեհաստանում և մյուս հարևան երկրներում գների նվազմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։

«Մենք կմտածենք, թե ինչպես կարելի է լրացուցիչ երաշխիքներ տրամադրել Լեհաստանին և ԵՄ այլ պետությունների, և դա անելու միջոցներից մեկը երաշխիքների սահմանումն է կոնկրետ երկրների համար», - ասել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ Եվրահանձնաժողովի առաջարկները կհրապարակվեն այս շաբաթ և, ամենայն հավանականությամբ, «կներառեն Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի անմաքս ներմուծման հետևանքներից առանձին երկրների պաշտպանության միջոցներ»:

2022 թ․ հունիսին ԵՄ-ն Ուկրաինային տվել է իր շուկա ապրանքների անմաքս ներմուծման հնարավորություն․ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ապրանքները Սև ծովով արտահանելու՝ Ուկրաինայի հնարավորությունները սահմանափակվել էին։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել Լեհաստանում և Ուկրաինայի մյուս հարևան երկրներում, որոնք նշում են, որ այս միջոցառումներից տուժում են տեղացի ֆերմերները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում