Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվել է նաև Ադրբեջանին ու տարածաշրջանի պետություններին․ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվել է նաև Ադրբեջանին ու տարածաշրջանի պետություններին․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծով հստակ ներկայացրել է բոլոր այն ճանապարհները, երկաթգծերը, կապուղիները, որոնք պատրաստ է բացել։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Բաքվի կողմից կա՞ առաջարկ որևէ հստակ ճանապարհի բացման վերաբերյալ։

«Հայաստանը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որի մեջ հստակ ներկայացված են բոլոր այն ճանապարհները, երկաթգծերը, հնարավոր կապուղիները, որոնք պատրաստ է, ցանկանում է, հետաքրքրված և շահագրգռված է բացելու։ Իսկ թե Ադրբեջանի նախագահն ի՞նչ է ասում, կոնկրետ ո՞ր մասն է իրեն հետաքրքիր մեր ներկայացրած այդ ճանապարհներից, դա նրա օրակարգն է, և ճիշտ չեմ համարում, որ մենք մտնենք այդ օրակարգի մեջ։ Ես ճիշտ եմ համարում մեր օրակարգով առաջ շարժվելը»,-ընդգծել է Ջուլհակյանը՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվել է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ադրբեջանին և տարածաշրջանի այլ պետություններին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է, որ հարցի շուրջ խոսակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից բազմաթիվ են եղել մոտեցումներն ու առաջարկները տարբեր ճանապարհների վերաբերյալ, որոնք հայկական կողմ մերժել է՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը։

«Խաղաղության օրակարգի ընթացքում, որը ենթադրում է խոսակցություններ և բանակցություններ, հնչում են առաջարկներ երկու կողմից․ և՛ մեր կողմից են հնչել բազմաթիվ առաջարկներ, որոնք չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, և՛ Ադրբեջանի կողմից են հնչել առաջարկներ, որոնք մերժվել են մեր կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը»,-մանրամասնել է Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում