Գյումրու մաքսատանը մեքենաներն առաջին 3 օրը կկայանեն անվճար, դրանից հետո կվճարեն ավելի բարձր տուրք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի՝ Գյումրու մաքսատանը (Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ավտոմեքենաների կայանելու համար պետական տուրքի դրույքաչափը, սակայն առաջին 3 օրվա ժամանակավոր պահպանության համար պետական տուրք չի գանձվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ԱԺ-ում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Բադասյանն ընդգծեց, որ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում, երբ ավտոմեքենաները գտնվում են Գյումրու մաքսատան տարածքում, առաջանում է իրավիճակ, երբ դժվարանում է այլ տնտեսվարողների ապրանքների մաքսազերծումը: Այսպիսով՝ առաջարկում են ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելով այնպիսի իրավիճակ ունենալ, որ մաքսատունը չծանրաբեռնվի, և այլ տնտեսվարողներ չունենան ժամանակային և ֆինանսական ռեսուրսների կորուստ:

Նախագծով ի սկզբանե առաջարկվում էր 1 օրում մաքսազերծելու դեպքում ընդհանրապես պետական տուրք չգանձել: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություն է կատարվել:

«3 օրվա ընթացքում պետական տուրք չի գանձվի: Ներկայիս 1600 դրամի փոխարեն տնտեսվարողներն առհասարակ պետական տուրք չեն վճարի: Նախագիծը հետապնդում է ոչ թե ֆիսկալ, պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու նպատակ, այլ՝ ընդամենը մյուս տնտեսվարողների համար խնդիրներ չառաջացնելու»,-ասաց Բադասյանը:

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 6 ամիս անց: Ի տարբերություն նախագիծը մշակելու ժամանակահատվածի, այս պահին Գյումրու մաքսատունն այնքան ծանրաբեռնված չէ, որ օրենքը հրատապ մտնի ուժի մեջ:

«Այս նախագծի նպատակն, ըստ էության, մեր երկրի մաքսային տարածքը չվերածել ավտոկայանատեղիի, այն չունի ֆիսկալ նպատակ: Դրա լավագույն ապացույցը կլինի այն, որ 3 օր մաքսային տարածքում մարդիկ անվճար կայանեն, քանի որ դա այն ողջամիտ ժամանակահատվածն է, որի ընթացքում մարդը կարող է մաքսազերծում անել: Իսկ 3 օրից ավելին արդեն ակնհայտորեն օրենսդիրի կամքը չարաշահել ու պետության մաքսային տարածքը որպես ավտոկայանատեղի ծառայեցնել է: Եթե այդպես է, ուրեմն պետք է դրա համար վճարել»,-ասաց պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում