Տնտեսություն

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

2 րոպեի ընթերցում

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է  7654 տոննա ծիրան

Հայաստանից ընթացիկ տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը արտահանվել է 7654 տոննա ծիրան` ավելի քան 380 մեծ բեռնատար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արտահանման աշխարհագրությունը շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չունենք, չունենք նաև Պորտուգալիա արտահանում, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»,- գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Armatmedia-ն գրել էր, թե իբր Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել  է և պիտանի չէ իրացման համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ «Ֆեյսբուք »-ի իր էջում գրառում էր արել՝ հերքելով այդ լուրը։ Նա նշել էր, որ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել։

Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Հայաստանի կառավարությունն այս ընթացքում քայլեր է ձեռնարկել արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն է ստեղծվել։ Հայաստանն այս ընթացքում արդեն իսկ որոշ ապրանքների արտահանում իրականացրել է դեպի Եվրամիության երկրներ։ Եվրամիությունը նախատեսում է նաև հայկական ապրանքների մոտ 80 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես չեղարկել՝ որպես աջակցություն Հայաստանին ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում