Քաղաքականություն

Պատրաստ ենք նույն պայմաններով Ադրբեջանի համար կապ ապահովել Նախիջևանի հետ, ինչ պայմաններով դա անում է Իրանը․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Պատրաստ ենք նույն պայմաններով Ադրբեջանի համար կապ ապահովել Նախիջևանի հետ, ինչ պայմաններով դա անում է Իրանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձ է անում միջանցքային խոսույթ ձևավորել Հայաստանի տարածքի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երբ իրենք ասում են, որ դա նկրտում է Հայաստանի տարածքի նկատմամբ, ստանում են պատասխան, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է։ «Մեզ ասում են, որ կա Հյուսիս-հարավ, միջանցք, Հարավային միջանցք, Հյուսիսային միջանցք և կոնկրետ օրինակներ են բերում։ Նույն Ադրբեջանն ասում , որ իրենք այդ խոսույթը օգտագործում են նաև Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում՝ Ադրբեջանի արևելյան հատվածներից դեպի Նախիջևան անցման համար, այդ թվում Հյուսիս-հարավ միջանցքի վերաբերյալ, որը Ռուսաստանից Ադրբեջանով հասնում է Իրան։ Գիտեք, որ կա Ադրբեջան-Նախիջևան կապի խնդիրը, ու զուգահեռներ են տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին։ Հիմա, որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք ասում ենք, որ նույն պայմանով պատրաստ ենք տրամադրել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, ինչ պայմանով Իրանն է տրամադրում այդ կապը։ Մենք պատրաստ ենք և՛ երկաթուղային կապ ապահովել, և՛ ճանապարհը տրամադրել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այս համատեքստում փորձեր են արվում հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Վարչապետը նախ նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երկու կողմերը հայտարարության ստորագրումից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն այլևս իրենց համար գոյություն չունի։ «Այսինքն, այն գործողությունները, որ ձեռնարկվել են Լեռնային Ղարաբաղում, ընդ որում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, դա վկայությունն է այն բանի, որ այդ փաստաթուղթը նրանց համար այլևս գոյություն չունի։ Չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության երկու կողմերի համար այդ փաստաթուղթը չլինի, բայց երրորդ կողմի համար շարունակի գոյություն ունենալ»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն արդեն երեք տարի միջանցքային խոսույթ զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Վարչապետը շեշտեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա միջանցքի մասին, ինչպես նաև որևէ խոսք չկա այն մասին, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքական մակարդակով ըմբռնում ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհները և սահմանները պետք բացվեն սուվերենության, իրավազորության սկզբունքների հիման վրա։ Անդրադառնալով Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, թե իրենց պետք անխոչընդոտ տեղաշարժ, Փաշինյանն ասաց, որ Հայաստանը դեմ չէ անխոչընդոտ տեղաշարժին, բայց անխոչընդոտ տեղաշարժը չի նշանակում օրենսդրության խախտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում