ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի երգերը հնչել և հնչում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Այդ երգերը հուզում են, երջանկացնում, տանում հիշողությունների գիրկը: Առնո Բաբաջանյանի մասին շատ է խոսվել. նկարահանավել են հաղորդումներ, ռեպորտաժներ, սակայն միշտ էլ հնարավոր է նրա մասին նորը լսել:
Այս հարցում «Արմենպրես»-ին օգնել է Առնո Բաբաջանյանի մտերիմն ու գործընկերը, կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:
Խոսելով Բաբաջանյանի հանրահայտ ստեղծագործություններից մեկի՝ «Նոկտյուրն»-ի մասին՝ Վարդազարյանը պատմում է՝ «Նոկտյուրն»-ի խոսքերը գրել է Ռոբերտ Ռոժդեստվենսկին, այն կատարել է Մուսլիմ Մագոմաևը, սակայն Բաբաջանյանն ասել է, որ ցանկանում է «Նոկտյուրն»-ը միայն գործիքային տարբերակով հնչի: Կոմպոզիտորն ընդգծել է՝ իրենից հետո միայն կարող են «Նոկտյուրն»-ի հետ անել այն, ինչ ուզում են: «Նոկտյուրն»-ը սիրվել է ոչ միայն գործիքային տարբերակով, այլև որպես երգ:
Վարդազարյանն ու Բաբաջանյանը հաճախ են հանդիպել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, և այդ ընթացքում հետաքրքր ու զավեշտալի իրադարձություններ միշտ եղել են, և Բաբաջանյանն այնտեղ սիրով է աշխատել:
«Եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ որևէ ստեղծագործություն էր գրում, եթե ինչ-որ հատված լավ էր ստացվում, ասում էր. «Գնանք, լսեք»: Եթե ուզում ես անարժանի ինքնագնահատականը բարձրանա, խորհուրդ հարցրու նրանից: Բաբաջանյանն այդպես էր վարվում: Երաժշտությունը լսելիս փորձում էինք ինչ-որ բան գտնել, ասել: Բաբաջանյանը լսում էր բոլորիս դիտարկումները, շնորհակալություն հայտնում մեզ և ասում, որ համոզվեց՝ ամեն ինչ ճիշտ է արել»,-հիշում է Մարտին Վարդազարյանն ու հավելում՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների մեծ մասի առաջին կատարումները Հայաստանում են եղել: Դա կոմպոզիտորի համար սկզբունքային է եղել:
Վարդազարյանի խոսքով՝ Բաբաջանյանը փայլուն հիշողություն է ունեցել: «Մենք շատ արագ ինչ-որ նոտաներ էինք նվագում: Նա միշտ հստակ ասում էր, թե ինչ նոտաներ են: Բաբաջանյանը վստահում էր երիտասարդներին, որոնց թվում նաև ես էի»,-նշում է Վարդազարյանը:
Մաեստրոն կարծում է՝ Բաբաջանյանի ֆենոմենը հենց Բաբաջանյան լինելն էր՝ Բաբաջանյան թե՛ որպես երևույթ, թե՛ որպես դաշնակահար, թե՛ որպես կոմպոզիտոր, թե՛ որպես նարդի խաղալիս ոչ ցանկալի հակառակորդ:
«Երաժշտության մեջ նրա համար գաղտնիք չկար, և նա դեռ շատ բան կարող էր անել: Բաբաջանյանի երգերը կատարում են ոչ միայն հայերեն ու ռուսերեն, այլև ճապոներեն»,-շեշտում է Վարդազարյանը, որը, օգտվելով այն հանգամանքից, որ «Արմենպրես»-ում դաշնամուր կա, պատմելիս նաև նվագում էր ու յուրովի մեկնաբանում Բաբաջանյանի գործերը:
Մաեստրոյին լսելու համար «Արմենպրես» լրատվական գործակալությունում հյուրընկալվել էին Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտներն ու նրանց ուսուցչուհին:
Երաժշտության ուսուցչուհի, նախագծի ղեկավար Սեդա Սիմոնյանն ասում է՝ դասերին ծանոթացել են Առնո Բաբաջանյանի և՛ երգերին, և՛ կենսագրությանը, և՛ կյանքի փակ անկյուններին: Սիմոնյանը տպավորված էր Մարտին Վարդազարյանի հետ հանդիպումից:
«Այլ բան է, երբ ձայնագրություն ես լսում, այլ բան է կենդանի կատարումը այն էլ Մարտին Վարդազարյանի նման մեծության կողմից: Ես մեծ բավականություն ստացա»,-նշում է նա:
Աշակերտներից Արամ Նավասարդյանը կարևորում է այն, որ դասարանում, երգչախմբում Բաբաջանյանի մասին շատ է խոսվել: «Նա տարբերվում է այլ կոմպոզիտորներից: Բաբաջանյանը հիանալի ստեղծագործող և անձ է եղել: Ես շատ եմ սիրում նրա «Գեղեցկության թագուհի» երգը: Այն իմ հոգուն հարազատ է»,-խոստովանում է նա:
Աշակերտուհի Շողիկ Գասպարյանի համար Բաբաջանյանի երգերը առանձնահատուկ են: «Յոթերորդ դասարանի երաժշտության գրքերում Առնո Բաբաջանյանի մասին տեղեկություններ կան, բայց մեզ համար դա բավարար չէր, ուստի պրպտեցինք և նորություններ գտանք: Նրա երգերը երգեցինք թե՛ դասարանում, թե՛ այստեղ»,-նշում է Շողիկը, իսկ Սիլվա Խլոյանը կարևորում է այն, որ Բաբաջանյանը ստեղծագործել է շատ ժանրերում, և նրա ցանկացած երգ խորիմաստ է ու գրված է ոգով:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի