Մշակույթ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ վաթսունհինգ համերգ է կազմակերպվել աշխարհի տարբեր երկրներում

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ վաթսունհինգ համերգ է կազմակերպվել աշխարհի տարբեր երկրներում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ վաթսունհինգ համերգային երեկո է անցկացվել տասներկու երկրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակար Դանիել Դանիելյանը:

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով ներկայացել է Փարիզում և Ստրասբուրգում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Չինաստանում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ է ունեցել Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և այն»,-ասաց փոխնախարարը:

Նա հայկական երաժշտությունն աշխարհում տարածելու գործում կարևորում է Հայաստանի նվագախմբերի, երաժշտախմբերի ելույթներն աշխարհում:

«Պետք է նաև Հայաստանում հյուրընկալել հեղինակավոր կառույցների, անհատների, ինչը մեծ վստահություն է ներշնչում մեր երկրի հանդեպ: Այս տարի հյուրընկալեցինք Փարիզի հանրահայտ Օդեոն, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինյան և այլ թատրոնների: Հեղինակավոր անունների ընդունեցինք Երևանի օպերային թատրոնում»,-շեշտեց Դանիել Դանիելյանը:

Նա անդրադարձավ հոբելյանական միջոցառումներին, որոնք պետք է տեղի ունենան 2024 թվականին և հիշեցրեց, որ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակների հոբելյանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024 թվականի հոբելյանական ցանկերում: Նախատեսված են բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում և մի շարք երկրներում:

2024-ին կնշվեն նաև Երվանդ Քոչարի՝ 125, Պարույր Սևակի՝ 100, Պարարվեստի պետական ուսումնարանի՝ 100, Վալենտին Պոդպոմոգովի՝ 100, Կոմիտաս քառյակի՝ 100, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում