ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի կրթական 4 ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Իրականացված այս գործընթացի ընթացքում ներդրված մեծ ջանքերի, ռեսուրսների ու նվիրումի արդյունքում գերմանական «ASIIN» միջազգային գործակալությունը հավատարմագրել է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի
- «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական),
- «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական),
- «Ֆարմացիա» (բակալավրիատական),
- «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը։
Աննախադեպ այս արդյունքը վերահաստատում է ԵՊՀ առաքելությունն ու հանձնառությունը․ տրամադրել որակյալ կրթություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն զարգացման նոր ուղենիշներ ու լայն հնարավորություններ է բացելու մեր առաջ՝ նպաստելով կրթության որակի շարունակական բարձրացմանն ու գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառմանը»,- ասվում է գրառման մեջ։
Ըստ աղբյուրի՝ միջազգային հավատարմագրումը բարձրացնելու է համալսարանի, կրթական ստորաբաժանումների ու ծրագրերի վարկանիշը՝ դրանք դարձնելով առավել գրավիչ ոչ միայն հայ, այլև օտարերկրյա դիմորդների համար։ Այն ընդլայնելու է նաև շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունները ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում, խթանելու է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը:
Ռեկտոր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել գործընթացում ներգրավված բոլոր համալսարականներին ու գործընկերներին՝ թիմային արդյունավետ աշխատանքի, ներդրած ջանքերի ու նվիրումի համար։