ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում է Կարո Վարդանյանի «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը»։ Գիրքը ներկայացնում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադիր-ղեկավար Հակոբ Հակոբյանի հուշագրությունը։ Հեղինակն անդրադարձել է իր մանկությանն ու պատանեկությանը, Պաղեստինյան դիմադրության շարքերում կուտակած ռազմական-կազմակերպչական փորձին, ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալներին, նպատակներին, գործելաոճին, կազմակերպության ներքին և արտաքին և այլևայլ հարցերի։
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» երրորդ տեղում է։ Սեթ Գոդինն առաջարկում է ոչ թե հնարքներ, այլ մարքեթինգի նոր՝ ավելի արտիստիկ ու խոր մոտեցումներ: Նա սովորեցնում է ոչ թե ուղղակի վաճառել, այլ ստեղծել արժեքներ, կապեր ու առաջ բերել խոր հոգեբանական ազդակներ ապրանքը ձեռք բերելու և լոյալությունը պահպանելու համար: Գիրքը կսովորեցնի, թե ինչպես խթանել ապրանքները, ծառայություններն ու գաղափարները մի աշխարհում, որտեղ բոլորը զբաղված են ու ձեր ժամանակը չունեն: Ժամանակակից մարքեթինգը մրցավազք կամ պատերազմ չէ: Միջոց է, որը խելացի շուկայագետն օգտագործում է, որպեսզի մարդկանց տա այն, ինչ նրանց պետք է, ինչը կբարեփոխի նրանց կյանքը, կծնի նոր գաղափարներ: Ժամանակակից մարքեթինգը հասարակությանը ծառայելու և մշակույթը զարգացնելու տարբերակ է:
Չորրորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Ա․ Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը» հինգերորդ տեղում է։ Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս. «Հայ ազգի ծագումը» աշխատությունը նվիրված է հայ ազգի հոգեբանական պատմության՝ նրա ծագման և որպես էթնիկական հանրույթ, և որպես ազգ ձևավորվելու մի շարք սկզբունքային խնդիրների ուսումնասիրությանը: Հատուկ ուշադրություն է նվիրվել հայերի էթնոգենեզի սկզբնական փուլին, Հայկական լեռնաշխարհի՝ որպես իր էթնոգենետիկ հայրենիքի նկատմամբ անժխտելի առաջնային իրավունքի խնդրին: Ուսումնասիրվում են նաև այլ էթնոսների հետ հայերի առնչությունները և հայոց ազգային բնավորության որոշ խնդիրներ: Հայերի ծագման, որպես ազգ ձևավորվելու մասին առաջադրվող տեսակետն ամբողջությամբ մերժում է հայերի եկվորության մասին մտացածին և էթնոքաղաքական տեսակետից վտանգավոր, միանգամայն անընդունելի հակագիտական վարկածը:
Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը վեցերորդն է։ Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր 44-օրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։ Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։ Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։ «Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։
Ջորդան Բ․ Փիթերսոնի «Կյանքի 12 կանոն» գիրքը յոթերորդ տեղում է։ Ամբողջ աշխարհում այս պահին վաճառվել է այս գրքի 5 միլիոն օրինակ։ Ըստ Նյու Յորք Թայմսի՝ հեղինակն արևմտյան աշխարհի ամենաազդեցիկ մտածողն այս պահին։
Կարլ Սյուելի և Փոլ Բրաունի «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար» գիրքը ութերորդն է։ Գիրք այն մասին, թե ինչպես անել, որ պատահական գնորդը դառնա հաճախորդ ամբողջ կյանքի համար: «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար» գիրքը «Cadillac» ավտոսրահի ողջ փորձն է, որտեղ ոչ ոք` սկսած տնօրենից, մինչև հասարակ վաճառողներ և արհեստավորներ, կանգ չի առնում և օրեցօր գրանցում է նորանոր ռեկորդներ:
Քեյթ Ֆերացիի և Ռալ Թեզի «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ»-ը
իններորդ տեղում է։ Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ:
Բավական է ձևացնենք, թե մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու:
Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով»-ը տասներորդ տեղում է։ Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօրինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր:
Տեղ |
Փոփ. |
Գիրք |
|
Հրատ. |
Քանակ |
1 |
նոր |
|
Կարո Վարդանյան, «Առեղծվածային Հակոբ Հակոբյանը»
|
Բուկինիստ |
63 |
2 |
0 |
|
Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ»
|
Էդիթ Պրինտ |
57 |
3 |
* |
|
Սեթ Գոդին, «Սա է մարքեթինգը»
|
Անտարես |
51 |
4 |
+5 |
|
Գարեգին Նժդեհի,«Չխրատվող ժողովուրդը»
|
Վերնատուն |
50 |
5 |
0 |
|
Ա․ Նալչաջյան, «Հայ ազգի ծագումը»
|
հեղ․հրատ |
50 |
6 |
* |
|
Գարեգին Նժդեհ, «Գլխովին կորչելու վտանգը»
|
հեղ․հրատ |
42 |
7 |
նոր |
|
Ջորդան Բ․ Փիթերսոն, «Կյանքի 12 կանոն»
|
Ավրորա |
41 |
8 |
* |
|
Կարլ Սյուելի և Փոլ Բրաունի «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար»
|
Անտարես |
41 |
9 |
* |
|
Քեյթ Ֆերացիի և Ռալ Թեզի «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ»
|
Անտարես |
40 |
10 |
* |
|
Սեթ Գոդինի «Մանուշակագույն կով»
|
Անտարես |
40
|
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: