Չեմ հասկանում, թե տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին. ԱԺ նախագահ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների տարբեր ֆորմատներից խուսափելը, ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից: Սկզբում իրենք ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, ինչ-որ ֆորմատից հրաժարվեցին, հետո Վաշինգտոնի ֆորմատից հրաժարվեցին: Ես անկեղծ չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելն ինչ է տալու Ադրբեջանին ու տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են՝ կարելի է ասել, արդեն իսկ իրականությանը շատ մոտ խաղաղության պայմանագրից»,-ասաց Սիմոնյանը:
Ազգային ժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իր համար արդեն գծել է կարմիր գիծ, դա օրինակ Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն է:
«Կարմիր գիծը գծված է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից որևիցե կտոր չի զիջվելու: Իրենք հաճախ խոսում են օրինակ 4 գյուղերի մասին, բայց մենք ունենք 31 գյուղ, որոնց տարածքները կամ ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք էլ պետք է հիմա 31 գյուղերի մասին խոսենք»,-նշեց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում հրաժարվում է արևմտյան հարթակներում նախաձեռնվող բանակցություններից, մասնավորապես հրաժարվել է մասնակցել Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը, այնուհետև Վաշինգտոնում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը։