Քաղաքականություն

Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերը և Վաշինգտոնի աջակցությունը հայտնելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը։

«Նրանք քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը, մինչ մենք աշխատում ենք՝ աջակցելու բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի նրա տեսլականին», - նշված է հայտարարությունում։

Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ողջունել «Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ նախագահ Ալիևի հանձնառությունը»։

«Պետքարտուղարն ընդունել է, որ այս երկարատև հակամարտությունը տառապանքներ է պատճառել թե՛ադրբեջանցիներին, թե՛ հայերին, և ընդգծել է այն օգուտները, որ կարող է բերել խաղաղությունը տարածաշրջանում բոլորին», - նշված է գերատեսչության հայտարարությունում։

Բլինքենը նաև Ալիևի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների միջև մտահոգություն առաջացնող թեմաները և «խոսել համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունների մասին, հատկապես խաղաղության գործընթացի շուրջ», ինչպես նաև շեշտել բարձր մակարդակով ներգրավվածության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում