ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»
Պատմահայր Մովսես Խորենացին համաշխարհային պատմագրության հռչակավոր դեմքերից է: Նրա Մատյանն ընդգրկում է մեր ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր ապրած շրջանը՝ 5-րդ դարը: Երկը պարունակում է նաև հարուստ նյութ հայ հին մշակույթի, հատկապես՝ հնագույն ժողովրդական բանահյուսության, ինչպես և հարևան երկրների ու ժողովուրդների պատմության ու մշակույթի վերաբերյալ:
«Հայոց պատմություն» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387թ.), Արշակունյաց թագավորության անկման (428թ.) պատմությունը:
Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան սկբնաղբյուներից են Մար Աբաս Կատինայի (մ. թ. ա. II դար) մատյանը, «Մեհենական պատմությունները», ինչպես նաև «Հյուսումն պիտոյից»: Մաշտոցատառ մատենագրական աղբյուրները Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերն են, վավերագրականները՝ Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների ցուցակը) և Հայաստանում հայտնաբերված այլալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրները ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ բանահյուսության նմուշներ են՝ վիպասանների ու թվելյաց երգեր, զրույցներ (օրինակ՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ», «Տիգրան և Աժդահակ»), պատմաավանդական ստեղծագործությունները, նախարարական տոհմերի ծագման շուրջ հյուսված ասքեր և այլն:
«Պատմություն Հայոց»-ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությամբ և պատմության պարբերականացման սկզբունքով դարձել է անփոխարինելի ազգային արժեք, համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: «Պատմություն Հայոց»-ն օրինակ ու չափանիշ է եղել միջնադարյան հայ պատմագիրների համար, բազմիցս ընդօրինակվել է և մինչև XIX դարի կեսերը հայկական դպրոցներում եղել է հայ ժողովրդի պատմության անփոխարինելի դասագիրք:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
Թարգմանական գրականություն
Մարիս Բերզինշ, «Կապարի համը»
Գրքում նկարագրվող իրադարձությունները Լատվիայում տեղի են ունենում 1939-1941 թվականներին: Գլխավոր հերոսը Ռիգայի ծայրամասում ապրող երիտասարդ Մատիսն է: Երկրորդ աշխարհամարտի, Հոլոքոստի, քաղաքական ցնցումների պայմաններում նա փորձում է գլուխ հանել իր ապագայից, կանանց հետ բարդ հարաբերություններից ու առհասարակ իր կյանքից:
Վեպը երիտասարդ, շարքային լատվիացու աչքով է ներկայացնում երկրի ու ամբողջ աշխարհի համար բախտորոշ իրադարձությունները: Մատիսը հայտնվում է պատմության պտտահողմի ձագարում՝ երազելով պարզապես ապրել, աշխատել ու սիրել:
- Բոլորիս սպանելու են։ Բոլորի՛ս։
- Չէ՛, հնարավոր չէ։ Դու պատկերացնո՞ւմ ես, թե այստեղ քանիսն ենք. երեսուն հազար։ Կարող են հարյուր կամ մի քանի հարյուր հոգու սպանել, եթե լրիվ խելքները թռցնեն, բայց ոչ այսքան շատ։
- Կարող են, կարող են։ Օսմանները Մուշում միանգամից հինգ հազար հայ են այրել։
- Ո՞վ է հիմա հիշում հայերին...
- Ե՛ս եմ հիշում։
- Չգիտեմ, թե ոնց է եղել Մուշում, բայց չեմ հավատում, որ մեզ կայրեն։ Եվ որտե՞ղ։
- Ռիգայում այդպիսի տեղ չկա, եւ դա շատ բարդ գործ է։
Թարգմանիչ` Նաիրա Խաչատրյան:
Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն
Տուվե Յանսոն, Մայա Ջոնսոն, «Մումիտրոլն ու առաջին ձյունը»
Ի՜նչ իմանաս՝ ինչ են ձմեռն ու ձյունը, երբ ցուրտն ընկնելուն պես խոր քուն ես մտնում։ Բայց մի անգամ Մումիտրոլն արթնանում է ձմռանն ու իր համար բացահայտում է մի նոր սպիտակ աշխարհ։ Տուվե Յանսոնի փոքրիկ հերոսը ինքնուրույն կողմնորոշվում է անսպասելի իրավիճակում և գլուխ է հանում բոլոր դժվարություններից։ Վերապատումը` Սեսիլիա Դավիդսոնի և Ալեքս Հարիդիի։
Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
Փաստավավերագրական գրականություն
Նասիմ Նիքոլաս Թալեբ, «Պատահականության խաբկանքից մոլորվածները»
Գիրքը (2001, 2004) պատմում է, որ հակված ենք բախտը հմտության հետ շփոթել, որ պատահականությունը հաճախ պատահական չի թվում: Որ իմաստ չունի արդյունավետության մասին խոսել, երբ ձու առնել- վաճառելը ձվածեղ սարքելուց հեշտ է, ինչպես նաև ատամնաբույժների և բորսայում առքուվաճառք անողների միջև հսկայական տարբերության մասին: Թարգմանությունն անգլերենից՝ Սոնա Գրիգորյանի: Խմբագիր՝ Վահագն Խաչատրյան:
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը