Սպորտ

Եվրոպայի առաջնությունում ցանկացած մեդալ լավ արդյունք է. Արման Փաշիկյան

3 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնությունում ցանկացած մեդալ լավ արդյունք է. Արման Փաշիկյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը Եվրոպայի առաջնությունում նվաճած թիմային բրոնզե մեդալը լավ արդյունք է համարում:

«Առաջնությունը մեզ համար դժվար ստացվեց, քանի որ տղաները Մեն կղզու հեղինակավոր մրցաշարից հետո անմիջապես մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը, և բոլորի մոտ որոշակի հոգնածություն կար: Սակայն թիմն ամբողջ ուժերը ներդրեց` պայքարելու մեդալների համար: Եվրոպայի առաջնությունում ցանկացած մեդալ լավ արդյունք է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Փաշիկյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` հավաքականի նորեկը` Շանթ Սարգսյանը, լավ դրսևորեց իրեն` կարևոր հաղթանակ տոնելով մրցաշարի վերջին տուրում:

«Առաջին անգամ հավաքականում հանդես գալը հեշտ չէ: Անխոս, լարվածությունը մեծ էր, քանի որ խաղում ես, ոչ թե քեզ, այլ թիմի համար: Կարծում եմ` Շանթը պատվով դուրս եկավ այս մրցաշարից»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջին անգամ առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Հայկ Մարտիրոսյանին` գլխավոր մարզիչը ընդգծեց, որ խաղատախտակների վրա դասավորվածությունը որոշվել է վարկանիշով:

«Վաղ թե ուշ առաջին խաղատախտակին պետք է ուրիշ անուններ էլ լինեին, և ես կարծում եմ, որ որոշումը ճիշտ էր: Պետք էր Հայկին հնարավորություն տալ և առաջնությունն էլ ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր»,-ասաց նա:

Փաշիկյանն առանձնացրեց, որ Եվրոպայի այս առաջնությունը տարբերվում էր նախորդ առաջնություններից, քանի որ ռուս շախմատիստները, որոնք չեն կարողանում մասնակցել Եվրոպայի առաջնությանն, այժմ հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո` ինչպես օրինակ, Սերբիայի, Գերմանիայի, Ռումինիայի:

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Անգլիայի հետ և առավելության հասավ 2,5-1,5 հաշվով: Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը՝ պարտության մատնելով Մայքլ Ադամսին: Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստանի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին և երկրորդ տեղերում հաջորդաբար Սերբիայի և Գերմանիայի թիմերն են:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում