Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։

Նա ասել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «կդարձնի եվրաատլանտյան տարածաշրջանն ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Դիվանագետը նաև նշել է, որ կան դրական փոփոխություններ շվեդական կողմի՝ Անկարայի «անվտանգության օրինական մտահոգությունների» ընկալման մեջ, որոնք առաջին հերթին կապված են PKK-ին հակազդելու հետ։

Նա ասել է, որ Շվեդիան Թուրքիային կներկայացնի «ճանապարհային քարտեզ», որը պարունակում է պատասխանատվություն և քայլեր, որոնք նա պետք է ձեռնարկի ահաբեկչությանը հակազդելու համար:

Բանավեճի արդյունքում հանձնաժողովը որոշել է քննարկվող թեմայի շուրջ հստակության բացակայության և բանակցությունների անբավարար հասունության պատճառով հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը ստորագրել էր հոկտեմբեր ամսվա սկզբին, որից հետո այն ուղարկվել էր խորհրդարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում