Հասարակական

Նոյեմբերի 13-ից ուժի մեջ են մտնում Երևանի Փոքր կենտրոն մտնող բեռնատարներին վերաբերող սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 13-ից  ուժի մեջ են մտնում Երևանի Փոքր կենտրոն մտնող բեռնատարներին վերաբերող սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 13-ից ուժի մեջ են մտնում Երևանի Փոքր կենտրոն մտնող բեռնատարներին վերաբերող սահմանափակումները: Այսուհետև 2,5 տոննայից ավելի կշռող բեռնատարները Երևանի Փոքր կենտրոն կմտնեն ժամը 21:00-ից մինչև 07:00-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ սահմանափակումը գործելու է 2,5 տոննա ընդհանուր քաշով բեռնատարների համար, որն իրենից ենթադրում է տվյալ տրանսպորտային միջոցի քաշ և առավելագույն զանգված, որը կարող է տեղափոխել տվյալ տրանսպորտային միջոցը:

Վազգեն Հարությունյանը նշեց, որ սահմանափակման համար նշված 2,5 տոննան չի վերաբերում միայն բեռին, այլև դատարկ մեքենայի քաշի և բեռի քաշի հանրագումարին:

«Սահմանափակումը գործելու է առավոտյան ժամը 07:00-ից մինչև 21:00-ը, այսինքն՝ բեռնատարները կարող են մուտք գործել երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Որպես տարածք սահմանված են Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոցը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչից մինչև Կորյունի փողոց ընկած շրջանակում գտնվող գրեթե 40 փողոցներ և պողոտաներ»,-ասաց Վազգեն Հարությունյանը:

Ըստ նրա՝ տվյալ սահմանափակման տակ են ընկնում «Ֆորդ տրանզիտ», «ԳԱԶել» տիպի տրանսպորտային միջոցները, ինչը ենթադրում է, որ այդ սահմանափակման տակ են ընկնում վերոնշյալ տրանսպորտային միջոցներից ավելի քաշ ունեցողները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում