«Երևանյան բեսթսելեր». «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2023

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ․․․

Երկրորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ Այս վեպն առաջինն է, որում հեղինակն անդրադառնում է մեր ժամանակներին, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն երրորդ տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»-ը չորրորդ տեղում է։ Մ.թ.ա. առաջին դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց հռոմեական նվաճումների շղթան չէր ամբողջանում, որովհետև իրենց անկախության ու ազատության համար հերոսական պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և ապրելու ու գոյատևելու իր իրավունքը պաշտպանում զենքի ուժով: Արքայից արքա Տիգրան Բ Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տերություններից մեկը: Այդ դարաշրջանի գեղարվեստական պատկերն է արտացոլվում անվանի արձակագիր, պետական մրցանակի դափներկիր Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում:

Հինգերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ»վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Վանո Սիրադեղյանի «Երկիր ցպահանջ»-ը և Ավետիս Հարությունյանի «Գյադաների ժամանակը»-ը ամփոփող գիրքը վեցերորդ հորիզոնականում է: «Երկիր ցպահանջում» ընդգրկված են Սիրադեղյանի երեք պատմվածքները, ինչպես նաև հրապարակախոսություններ:

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը վեցերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը ութերորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ Վիպակի հերոսների մեջ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն։ Գրքի նպատակն է սովորեցնել ընթերցողին առանց կոտրվելու ընդունել իրեն հանդիպած փորձություններն ու հաղթել կյանքին` անկախ ամեն ինչից։

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» իններորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնումՎազգեն Սարգսյանի«Էս ի՞նչ եք անում, տղերք»պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Ռուբեն Եսայան

«Թունելից 13 կմ հեռավորության վրա»

հեղ․հրատ 356
2 -1

Աշոտ Աղաբաբյան

«Սև հովազ –1»

հեղ․հրատ 57
3 +1

Գրիգոր Քեշիշյան

«Շելա»

Դավինչի 57
4 *

Հայկ Խաչատրյան

«Տիգրան Մեծ»

հեղ․հրատ 50
5 -2

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

Բուկինիստ 47
6 * Վանո Սիրադեղյան «Երկիր ցպահանջ» և Ավետիս Հարությունյան «Գյադաների ժամանակը» հեղ․հրատ 33
7 -1

Գրիգոր Քեշիշյան

«Հանդիպում անցյալի հետ»

Դավինչի 30
8 *

Գոհար Նավասարդյան

«Երեք սեր»

հեղ․հրատ 27
9 -4

Աշոտ Աղաբաբյան

«Գաղտնիքների տիրակալը»

Բուկինիստ 25
10 -3

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 20
Հայերեն Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ