Հասարակական

Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ն կընդլայնեն գործակցության շրջանակները. քաղաքապետը հանդիպել է բանկի պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ն կընդլայնեն գործակցության շրջանակները. քաղաքապետը հանդիպել է բանկի պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը:

Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։

Գործակցության կարևոր նախագծերից է նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս:

Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով հագեցած օրակարգը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում