Մշակույթ

«Ազդանշան»-ը՝ ընդդեմ պատերազմների. «ՌեԱնիմանիա» փառատոնի մրցանակակիր ֆիլմի նկարիչը մանրամասներ է ներկայացնում

7 րոպեի ընթերցում

«Ազդանշան»-ը՝ ընդդեմ պատերազմների. «ՌեԱնիմանիա» փառատոնի մրցանակակիր ֆիլմի նկարիչը մանրամասներ է  ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդանշան» անիմացիոն ֆիլմը, որը «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում ցուցադրվեց Հայաստանում և արժանացավ ժյուրիի հատուկ հիշատակման, գրավել է ինչպես մասնագետներին, այնպես էլ անիմացիոն արվեստի երկրպագուներին: Ֆիլմը 14-ամյա Օմիդի հայացքով ներկայացնում է շատ տարիներ առաջ Աբադան քաղաքի շրջափակումն ու պատերազմական իրավիճակը, մարդկանց, որոնք փորձում են փրկվել այդ արհավիրքից ու շարունակել ապրել, արարել: Ֆիլմն աչքի է ընկնում հետաքրքիր սյուժեով, ռեժիսորական լուծումներով, ինչպես նաև տպավորիչ նկարչական դիզայնով:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Ազդանշան»-ի գլխավոր անիմատոր Զավեն Նաջարի հետ, որը ծագումով հայ է, փորձելով բացահայտել նրա աշխատանքի նրբություններն ու ֆիլմի ստեղծման պատմությունը:

-Ֆիլմի ռեժիսոր Սեպիդեհ Ֆարսիի, Ձեր, ինչպես նաև սցենարիստ Ջավադ Ջավահերիի շնորհիվ ստեղծվել է «Ազդանշան» հրաշալի անիմացիոն ֆիլմը, որը կարևորագույն հարցեր է բարձրաձայնում: Ինչպե՞ս ծնվեց ստեղծագործական խմբի անդամների միջև համագործակցությունը:

-Այս ֆիլմում ռեժիսորի և նրա սերնդակիցների պատմությունն է: Ֆարսին ամբողջ կյանքում աշխատել ու արարել է հանուն իր ազգի ազատության, նրա խնդիրների բարձրաձայնման, իսկ ես լիբանանահայ և սիրիահայ ընտանիքի զավակ եմ. իմ հոր ընտանիքը Սիրիայից է՝ Հալեպից, և շատ փորձությունների միջով է անցել, ուստի այս պատմությունն ինձ շատ հուզեց, և ես չէի կարող չմասնակցել այս նախագծի իրականացմանը:

DSC04182.JPG (617 KB)

-Երբեմն ռեժիսորների, նկարիչների հայացքները ծնվող աշխատանքի շուրջ այնքան էլ չեն համընկնում: Այս ֆիլմում տեսնում ենք լիարժեք ներդաշնակություն, ինչն ապացուցում են նաև ֆիլմի հաջողությունները միջազգային հարթակներում:

-Մենք անհամաձայնություններ չենք ունեցել: Սեպիդեհ Ֆարսին հավանում է իմ ձեռագիրը, իմ ոճը, միայն պետք է հասկանայինք, թե ֆիլմում ինչ ուղղությամբ է անհրաժեշտ զարգացնել այդ ոճն ու այն արտահայտել պատկերներում: Ինձ համար իրանական մշակույթն առանձնահատուկ է, յուրահատուկ, և մենք պետք է փորձեինք այն ճշգրտությամբ ներկայացնել: Որոշ կերպարների կերտել եմ իմ ընտանիքի անդամների նմանությամբ: Ընտանեկան մոտեցմամբ ենք այն նկարահանել, հավանաբար այդ է պատճառը, որ ֆիլմում ներդաշնակություն է տիրում: «Ազդանշան»-ում առկա են պատմական դրվագներ, լրատվական մաս, մենք վերակառուցել ենք Աբադան քաղաքը՝ հենվելով արխիվային լուսանկարների վրա, զրուցել ենք մարդկանց հետ, որոնք ապրել են այդ ժամանակներում:

-Հայերն ու պարսիկները հարուստ պատմություն, մշակույթ ունեցող ազգեր են: Ակնհայտ են նաև արտաքին նմանությունները: Ֆիլմը նայելիս հենց այդ նմանության մասին էի մտածում: Փաստորեն չեմ սխալվել. պարզվում է՝ հերոսները նախատիպեր ունեն:

-Այո՛, այդպես է:

-«Ազդանշան»-ում պատերազմն է, բայց այդ իրականությունում նաև սերն է, հավատարմությունն է, կեղծիքն է: Այդ ամենին հետևում ենք ֆիլմի գլխավոր հերոսի՝ 14-ամյա Օմիդի աչքերով: Ինչո՞ւ հենց երեխայի կերպարն ընտրեցիք: Այդպես ֆիլմն ավելի ազդեցի՞կ կլիներ:

-Աբադանում բազմաթիվ Օմիդներ կային: Հենց այդ պատճառով է որոշվել որպես ֆիլմի կենտրոնական կերպար ընտրել 14-ամյա երեխայի: Տղամարդիկ մեկնում էին պատերազմ՝ պաշտպանելու քաղաքը, այդ քայլին է դիմում նաև Օմիդը, սակայն նա նաև պայքարի այլ ճանապարհ ունի: Մենք ցանկանում ենք խոսել այդ հնարավորության մասին… Նա փորձում է օգնել մարդկանց փրկվել և ապրել պատերազմից հետո: Ճիշտ է՝ գլխավոր հերոսը Օմիդն է, սակայն մեծ դերակատարություն ունի նաև նրա սիրած աղջիկը՝ Փարին: Օմիդն ու Փարին համատեղ մեսիջ են ուղղում աշխարհին:

DSC04145.JPG (402 KB)

-Քննադատում եք պատերազմը, ցույց տալիս, թե որքան մարդկային ճակատագրեր են աղճատվում պատերազմի հետևանքով, քաղաքներ, երկրներ են ավերվում: Հերոսներից մեկի լեզվով ասվում է, որ այդ ամենի հիմքում խաբեությունն է…

-Ինչպես ասացի՝ Սեպիդեհն ու Ջավադն այդ սերնդի ներկայացուցիչներ են, անցել են այդ ամենի միջով և նրանց համար շատ հստակ է եղել մեսիջը, որ ցանկանում են հասցնել հանդիսատեսին: Ցուցադրությունների ժամանակ Ջավադը շատ էմոցիոնալ է դառնում, ամեն անգամ ասես վերապրի այդ ամենը: Ֆիլմն այդ մասին պատմելու իրենց եղանակն է, ասելու, թե ինչքան սոսկալի ազդեցություն կարող է ունենալ պատերազմը մի ամբողջ սերնդի կյանքի վրա:

-Մենք խոսեցինք ֆիլմի ներդաշնակությունից: Մի կարևոր հատված ևս կա. ընդգծվում են կրոնների համերաշխությունը, մահմեդականների և քրիստոնյաների համակեցությունն ու միմյանց նկատմամբ հարգանքը: Դա և՞ս խաղաղության կոչ է:

-Այն, ինչ տեսնում եք ֆիլմում, իրականություն է: Աբադանում մզկիթներն ու եկեղեցիները գործել են կողք կողքի: Իհարկե, խաղաղությունը ֆիլմի ուղերձներից մեկն է: Ֆիլմում երկու կրոնների համադրության գեղեցկությունն է, ինչն իրական է:

-«Ազդանշան»-ի մասին շատ կարելի է խոսել, քանի որ հատկապես այս օրերին, երբ աշխարհում հակամարտությունները գլուխ են բարձրացրել, այն շատ արդիական է, սակայն ցանկանում եմ անդրադառնալ Ձեր և «ՌեԱնիմանիա» փառատոնի համագործակցությանը:

-Ինձ համար մեծ նշանակություն ունի «Ազդանշան» ֆիլմը Հայաստանում ներկայացնելը: Ցուցադրության օրը, երբ բեմում ինձ խոսքի հնարավորություն տրվեց, շատ հուզված էի: «Աննեսի» անիմացիոն ֆիլմերի փառատոնի ընթացքում հանդիպեցի «ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր Վրեժ Քասունիին: Շուտ մտերմացանք, տեսա թե ինչքան էներգիա, մոտիվացիա նա ունի ինչ-որ բան անելու համար: Ընկերական հարաբերություններից զատ ինձ համար նշանակություն ուներ նաև այն փաստը, որ երկու տարվա դադարից հետո «ՌեԱնիմանիա» փառատոնն անցկացվելու է, և ես կարող եմ իմ ներդրումն ունենալ այնտեղ թե՛ ֆիլմը ցուցադրելով, թե՛ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ լինելով: Ինձ համար դա պատիվ էր:

-Մենք՝ հայերս շատ ենք ուրախանում, հպարտանում, երբ որևէ միջազգային հաջողված նախագծի ենթագրերում կարդում ենք մեր հայրենակցի անունն ու ազգանունը: Դուք մեզ այդ առիթն ընձեռեցիք: Կցանկանայի իմանալ՝ հնարավո՞ր է՝ համագործակցեք Հայաստանի անիմատորների հետ, համատեղ որևէ բան ստեղծեք:

- Շատ ուրախ կլինեմ, եթե հետագայում համագործակցության հնարավորություն լինի, բայց այս պահին նման ծրագրեր դեռ չկան:

-Շնորհակալ եմ: Շատ հաճելի էր Ձեզ հետ զրուցելը: Նորանոր հաջողություններ եմ մաղթում:

-Ես ևս շատ շնորհակալ եմ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում