Աշխատասիրությունն է բացահայտում տաղանդը. Մալխաս Ամոյան
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզիկների սպորտային կյանքը երկար չէ. քեզ հիշում են անցած ճանապարհի, նվաճած մեդալների և քո մարդկային հատկանիշների շնորհիվ: Կմնա՞ս արդյոք մարդկանց հիշողության մեջ, կմնա՞ս արդյոք սպորտի պատմության մեջ՝ բացառապես կախված է նրանից, թե որքան հոգի, նվիրում կդնես գործիդ մեջ՝ լինի դա ըմբշամարտ, ծանրամարտ, վազք, լող, թե սպորտային լրագրություն: Կամք. ահա այն հատկանիշը, որը միջին վիճակագրական մարզիկին առանձնացնում է սպորտի պատմության մեջ իր հետքը թողնել ցանկացող մարզիկից:
Հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը եղել և մնում է ըմբշամարտը: Սերնդափոխությունը շարունակվում է՝ բերելով նոր անուններ՝ հին ազգանուններով: Անցնող տարին դրական էր 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանի համար, ով աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե, Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր և նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ամոյանը պատմել է անցնող տարվա և սպասվող ճանապարհի մասին:
-Ամեն ինչ, որպես այդպիսին, սկսվեց 2005 թվականին, երբ սկսեցի հաճախել «Դինամո» մարզական համալիրի ըմբշամարտի դահլիճ: Սկզբում` մարզումների ժամանակ, մի երազանք ունեի` նմանվել լեգենդար հայ ըմբիշներին, որոնք շատ են․ բոլորին անուններով չեմ թվարկի: Մարզիչս` Համլետ Հովհաննիսյանը, ամեն օր ինձ ասում էր, որ քնելուց առաջ ինքս ինձ համար կրկնեմ, որ պետք է դառնամ աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի հաղթող: Բայց նաև գիտակցում եմ, որ այս ամենին միայնակ չեմ հասել, հասել եմ մարզիչներիս, հավաքականի մարզիչների, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ:
-Ռոմանն իսկապես ինձ շատ է օգնել, քանի որ նրա անցած ուղին ես նույնպես պարտավոր էի անցնել: Նրան տեսնելով` թե՛ պարտությունների, թե՛ հաղթանակների ժամանակ, ինքս իմ մեջ ընկալել եմ առկա բարդությունները: Դա ինձ օգնել է, որ չկրկնեմ նրա սխալները, և հուսով եմ, որ այն մեդալները, որոնք չի կարողացել նվաճել նա, կնվաճեմ ես:
-Եթե անկեղծ՝ այս նույն հարցը ինքս ինձ տվել եմ, բայց իսկապես չեմ գտել պատասխանը (ծիծաղում է. հեղ.): Մեծացել եմ՝ ըմբշամարտն իմ աչքի առաջ ունենալով: Ինչպես ժողովուրդն է ասում` երեխան սովորում է այն, ինչ տեսնում է: Տեսել եմ միայն ըմբշամարտ:
-Անկեղծ եմ ասում` միշտ ձգտում եմ առավելագույնին: Յուրաքանչյուր մրցաշարի չեմ գնում միայն մեդալ հետևից, այլ նպատակ ունեմ ոսկի նվաճել: Բայց, երբ չի ստացվում, նայում եմ թերացումներիս, աշխատում դրանց վրա: Այս տարում շատ կարևոր էր աշխարհի առաջնությունը, որը քվոտա էր տալիս առաջիկա Օլիմպիական խաղերի համար: Տարբերվող էր այն առումով, որ Խաղերի ուղեգիր նվաճեցի, որը բոլոր մարզիկների երազանքն է: Նպատակ ունեի աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր դառնալու, սակայն գոտեմարտը ճիշտ չդասավորեցի, հոգեբանորեն պատրաստ չեղա: Ճիշտ է` տխուր էի, որ ոսկին բաց թողեցի, բայց սփոփիչ է այն, որ Փարիզ-2024-ի ուղեգիր ունեմ:
-77 կգ քաշային կարգում կան լավ մարզիկներ` մոտ 15-ն են նրանք: Չէի էլ մտածում, որ նոր քաշում կկարողանայի դառնալ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Ամեն մարդու չի հաջողվում քաշային կարգի փոփոխության հետ այդ քաշային կարգում շուտ հարմարվել: Բայց ինքս ինձ համար որոշել էի, երբ դառնամ աշխարհի չեմպիոն, կփոխեմ քաշային կարգս, քանի որ 72 կգ քաշային կարգը օլիմպիական չէր, իսկ ես ուզում էի հանդես գալ օլիմպիական քաշում: Ինձ համար հասկացել եմ մեկ բան` եթե կա նպատակ, ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ:
-Փարիզի Խաղերը կլինեն առաջինն ինձ համար, այդ իսկ պատճառով շատ եմ զրուցում Ռոմանի հետ, Արթուր Ալեքսանյանի հետ, ովքեր խորհուրդ են տալիս, որ սովորական մոտեցում ունենամ Օլիմպիական խաղերին: Որքան էլ լավ մարզավիճակում լինես, Օլիմպիական խաղերի բացառիկ լինելը, հնարավոր է, որ խանգարի:
-Սպորտում կա «ոսկե միջին», բայց ես առավել կողմնակից եմ աշխատասիրությանը: Աշխատասիրությունն է բացահայտում տաղանդը: Եթե տաղանդ էլ չունենաս, աշխատասիրությունը կարող է բարձրացնել և արդյունքների հասցնել: Մեզ համար ամենավառ օրինակը Արթուր Ալեքսանյանն է, ով այս տարիքում ջանասիրաբար աշխատում է:
- Ո՞րնէձեր «հաղթաթուղթը» գոտեմարտելիս:
-Ուժեղ կողմս, գուցե, այն է, որ հավատում եմ` ունակ եմ հաղթելու, հաղթելու ցանկացած մրցակցի: Պարզապես գիտեմ, որ հաղթանակի հասնելու համար ճանապարհ է պետք անցնել, դրա համար օր ու գիշեր մարզվում եմ:
- Ո՞րնէըմբշամարտիգեղեցկությունը:
-Ըմբշամարտում դուք տեսնում եք միայն գոտեմարտերը, բայց այս մարզաձևի գեղեցկությունը մարզադահլիճներում ջանք ու եռանդ չխնայող մարզիկներն են` ամենօրյա աշխատանքով: Ըմբշամարտի գեղեցկությունն ինձ համար կարգապահությունն է, ծանր մարզումները: Այն, ինչը դուք չեք տեսնում:
-Հիշեք ինձ՝ որպես լավ մարդու: Սպորտային կյանքը լավն է, բայց դրանից հետո էլ կյանք կա: Մեր օրերում մարդկանց հիշում են իրենց մարդ տեսակով: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի ոսկե մեդալներն անիմաստ կլինեն, եթե լավ մարդ չես: