ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի  գլոբալ համաժողովին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-19-ը Փարիզում մասնակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիայի առաջին Գլոբալ համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գերատեսչությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է «Խոստումներից դեպի առաջընթաց. ազգային պարտավորությունները՝ գործողության մեջ» պլենար քննարկմանը, որի շրջանակում «Դպրոցական սնունդ» կոալիցիայի անդամ երկրների տարբեր ոլորտային պատասխանատուներ պատմել են իրենց երկրում ծրագրի իրականացման, գրանցած հաջողությունների և ապագայի հեռանկարների մասին:

«Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, հանձնել է Հայաստանի՝ կոալիցիային միանալու հանձնառությունների տեքստը և ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը: 2023 թվականի հուլիսից արդեն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումն ամբողջությամբ փոխանցել է ՀՀ կառավարությանը, ու այժմ այն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Հայաստանում ծրագրի իրականացումը մեկնարկել է 2014 թվականից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և ՌԴ կառավարության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրի կառավարումն ու ֆինանսավորումը փուլային եղանակով այս տարիներին փոխանցվել է ՀՀ կառավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ 2023 թվականի հունվարից ՀՀ 10 մարզերի 1075 դպրոցների 1-ից 4-րդ դասարանների 100 հազարից ավելի երեխաներ սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ներկա պահին շահառուների թիվը կմեծանա, քանի որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներից 21 հազարը դպրոցահասակ երեխաներ են, որոնք իրենց կրթությունը կշարունակեն նաև ՀՀ մարզերի դպրոցներում:

«Այսպիսով երեխաներն ամեն օր ապահովվում են անվճար առողջ սննդով, ինչը նպաստում է սովորողների՝ ուսման և առաջադիմության բարելավմանը: Մեկ այլ կարևոր կետ, որով մենք հպարտանում ենք, ծրագրի շարունակական վերանայումն ու զարգացումն է: Հաշվի առնելով տնտեսական իրողությունները, մասնավորապես գնաճը՝ Կառավարությունը վերջերս վերանայել և ճշգրտել է ծրագրի բյուջեն։ 2023 թվականի սեպտեմբերից դպրոցներում ընդգրկված խոհարարները՝ հիմնականում համայնքներից ընտրված և խորհրդանշական գումարի դիմաց աշխատող կանայք, ներառվել են դպրոցների հաստիքացուցակում և ստանում են համապատասխան աշխատավարձ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ դպրոցական ճաշացանկը մշտապես բարելավվում է՝ ընդգրկելով տեղական արտադրանք, թարմ միրգ, բանջարեղեն և պրոտեիններ: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ հատկանշական է, որ դպրոցամերձ ջերմատներ և ինտենսիվ այգիներ ունեցող շատ դպրոցներում աշակերտները օգտվում են հենց իրենց այգիներում աճեցվող բանջարեղենից, մրգերից և հատապտուղներից:

«Մենք ակտիվորեն դասընթացներ ենք անցկացնում նաև ուսուցիչների հետ սննդային կրթության վերաբերյալ, ներգրավում ենք ծնողներին՝ հասկանալու հավասարակշռված սննդակարգի կարևորությունը և նույնիսկ ինտերակտիվ ներկայացումներ ենք կազմակերպում սովորողների համար՝ համոզվելով, որ նրանք գիտակցում են առողջ սննդի կարևորությունը: Իրականացվում են վերապատրաստումներ տարբեր ուղղություններով՝ թե՛ խոհարարների, թե՛ տնօրենների համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվում դասղեկների հետ»,- ներկայացրել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-11-րդ դասարաններում իրականացվում է «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը, որի նպատակն է աշակերտին սովորեցնել գնահատել իր և այլոց առողջությունը՝ որպես կարևորագույն արժեք, ինչպես նաև ձևավորել գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ:

Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ծրագիրը դեռևս իրականացվում է միայն մարզային դպրոցներում, և ներկայում քննարկվում է մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը:

«Բացի դրանից՝ մասնավոր հատվածի հետ համատեղ ջանքերի և ծնողների համաֆինանսավորման նորարարական մոդելների միջոցով ձգտում ենք առողջ սնվելու առավելությունները տարածել նաև բարձր դասարաններում սովորող աշակերտների շրջանում»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառման շրջանակում նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի, Տաջիկստանի, Շրի Լանկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների կրթության նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

2021 թվականին Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից Ֆրանսիայի և Ֆինլանդիայի աջակցությամբ մեկնարկած այս կոալիցիան նպատակ ունի մինչև 2030 թվականն աշխարհի բոլոր երեխաների համար դպրոցական սննդի ծրագիր ապահովել:

Գագաթաժողովին մասնակցում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, տարածաշրջանային կազմակերպությունների, միջազգային և տեղական ոչ կառավարական ընկերությունների, հիմնադրամների, հետազոտական ​հաստատությունների, քաղաքապետարանների, խորհրդարանական ցանցերի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ:

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար