Հայաստանը միջազգային օգնության կարիքն ունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
1 րոպեի ընթերցում
![Հայաստանը միջազգային օգնության կարիքն ունի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122137.jpg)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Կառավարության որոշումներով շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար․ այս առումով Կառավարությունն ակնկալում է միջազգային հանրության օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր արդեն կայացված եւ ուժի մեջ մտած որոշումներով մենք շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար: Եւ մենք միջազգային օգնության կարիք ունենք, այդ թվում՝ բյուջետային աջակցության տեսքով: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ մենք ստեղծել ենք բռնի տեղահանվածներին աջակցելու այնպիսի մեխանիզմ, որ նրանց հատկացվող միջոցները փոխանցվում են անկանխիկ, այսինքն՝ միջոցների բաշխումը թափանցիկ է, ստուգելի եւ հետագծելի եւ համակարգը շարունակելու է այդպես գործել:
Եւ մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին, ԵՄ-ին եւ անդամ երկրներին, որոնք արդեն հատկացումներ են արել կամ կշարունակեն անել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասաց Փաշինյանը։