«Հայկական ակնաբուժության նախագծի» բժշկական անձնակազմն այցելել է շուրջ 100 բռնի տեղահանվածների
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ), ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ գործընկերների հետ գործակցությամբ, Տեսողության համաշխարհային օրը (հոկտեմբերի 12) նշում է 2003թ-ից՝ առաջնորդվելով երկրի առաջնահերթություններով եւ Vision2020-ի կողմից ներկայացված տվյալ տարվա կարգախոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից, իր ընթացիկ աշխատանքներին զուգահեռ, ՀԱՆ-ը հոկտեմբերի 12-ին այսօր այցելել է Արտաշատում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 արցախցիների: ՀԱՆ-ի բժշկական անձնակազմն արցախցիների ակնային խորացված հետազոտություններ է անցկացրել, շաքարային դիաբետ ունեցողները ակնահատակի լրացուցիչ հետազոտություն են անցել: «ՀԱՆ-ի բժիշկ-կամավոր Ռիչարդ Հիլլը, որ այժմ Հայաստանում է՝ ՀԱՆ-ի 63-րդ բժշկական առաքելության շրջանակներում, մասնագիտական խորացված հետազոտություն եւ խորհրդատվություն տրամադրեց առավել բարդ ակնային խնդիր ունեցողներին: Բաժանվեցին ակնոցներ, երեխաներին եւ մեծահասակներին տրամադրվեց ակնային առողջության եւ խնամքի մասին տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Մեր հայրենակիցները շուրջ մեկ տարի շարունակ շրջափակման մեջ գտնվելով՝ գրեթե զրկված են եղել բժշկական ծառայությունների հասանելիությունից: Հայկական ակնաբուժության նախագծի Աչքի շարժական հիվանդանոցի կանգառն այժմ Արարատի մարզում է, որը թույլ է տալիս այս հետազոտության արդյունքում հայտնաբերված ակնային խնդիրներով մեր հայրենակիցներին ժամանակին բուժում տրամադրել Աչքի շարժական հիվանդանոցում»,- ասել է «Հայկական ակնաբուժության նախագծի» տնօրեն Նունե Եղիազարյանը:
Ըստ աղբյուրի՝ այս տարի աշխարհում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումներն ուղղված են աշխատավայրում ակնային առողջության պահպանմանը եւ գործատուների ուշադրությունն աշխատակիցների ակնային խնդիրների վրա հրավիրելուն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների շուրջ 28 տոկոսն ակնային խնդիր ունի: «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների հետ իրականացրել է տեղեկատվական առցանց արշավ՝ ներկայացնելու ակնային առողջության, անվտանգության եւ խնամքի մասին տեղեկատվություն: Տեղեկատվությունը տրամադրվել է նաեւ ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոններին:
Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, եւ վերջիններս տեսողության լուրջ խնդիր ունեն: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժված թույլ տեսողության պատճառով ամեն տարի աշխարհում 411 մլրդ դոլարին համարժեք արտադրողականության կորուստ է լինում:
ՀԱՆ-ը 2003թ.-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժում է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: ՀԱՆ-ը Աչքի շարժական հիվանդանոցում եւ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 500.000 ակնային ստուգում, կատարել է 33.000-ից ավելի ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է շուրջ 81.000 ակնոց:
ՀԱՆ-ի երկարամյա աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50 տարեկանից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով: