Տարածաշրջանային

Ռայիսին և բին Սալմանը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտությունը․ ԱՄՆ-ն ողջունել է Իրան-Սաուդյան Արաբիա շփումները

2 րոպեի ընթերցում

Ռայիսին և բին Սալմանը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտությունը․ ԱՄՆ-ն ողջունել է Իրան-Սաուդյան Արաբիա շփումները

ԵՐԵՎԱՆ 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի հետ քննարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող հակամարտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալությունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է 45 րոպե։

Սա երկու ղեկավարների միջև կայացած առաջին հեռախոսազրույցն է Չինաստանի միջնորդությամբ մարտին ձեռք բերված համաձայնությունից և դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։

«Ռայիսիի և Մուհամմադ բին Սալմանի առաջին հեռախոսազրույցի ընթացքում կարծիքների կարևոր փոխանակումներ են տեղի ունեցել Պաղեստինի, ինչպես նաև ռազմական հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է Իրանի քաղաքական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջամշիդին։

Նա հավելել է, որ կողմերը նաև ընդգծել են իսլամական աշխարհի միասնությունը։

Երկու ղեկավարները նաև ընդգծել են, որ «սիոնիստական վարչակարգի հանցագործությունները և ԱՄՆ-ի կողմից նրանց տրված կանաչ լույսը» ավերիչ հետևանքներ կունենան այդ վարչակարգի և դրա աջակիցների համար։

ԱՄՆ-ում ողջունել են Ռայիսիի և բին Սալմանի միջև հեռախոսազրույցը: The Washington Post-ը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղեկցում է Իսրայել, լրագրողներին հայտնել է, որ դիվանագիտական ուղիների օգտագործումը նման անհանգիստ ժամանակներում «նորմալ է» և «անկեղծ ասած, օգտակար»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում