Թուլկարմում իսրայելական գործողության ընթացքում վիրավորվել է 5 իսրայելցի զինվոր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական բանակը հայտնել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինցի փախստականների Թուլկարմ ճամբարում գիշերը հակաահաբեկչական գործողություն է իրականացվել։ Իսրայելի սահմանապահ ոստիկանության 5 զինծառայող՝ վիրավորվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Այսօր ավելի վաղ Իսրայելի բանակի և սահմանապահ ոստիկանության ստորաբաժանումները հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել Թուլկարմ ճամբարում, որտեղ ձերբակալվել է կասկածյալը: Թուլկարմում օպերատիվ գործողությունների ժամանակ վիրավորվել են Իսրայելի սահմանապահ ոստիկանության 5 աշխատակիցներ», - ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ Իսրայելի «Գալեյ ՑԱԽԱԼ» բանակային ռադիոն հայտնել էր, որ երկու անհայտ անձինք ավտոմեքենա են գնդակոծել Թուլկարմից հարավ-արևելք գտնվող իսրայելական Ավնեյ Հեֆեց բնակավայրում։ Հարձակվողները կրակ են բացել նաև անցակետում, որտեղ գտնվում էին իսրայելցի զինվորներ, որոնք պատասխան կրակ են բացել։ Հարձակվողներից մեկը տեղում մահացել է, երկրորդը՝ վիրավորվել։ Ավելի ուշ տեղեկացվել է, որ վիրավոր պաղեստինցին մահացել է: Իր հերթին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հետ զինված բախման հետևանքով առնվազն 2 պաղեստինցի է զոհվել։