Քաղաքականություն

Բաքուն անպատժելի է զգում միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի հետևանքով. ԱԳ փոխնախարարը՝ Լեհաստանի գործընկերոջը

2 րոպեի ընթերցում

Բաքուն անպատժելի է զգում միջազգային դերակատարների ոչ պատշաճ քայլերի հետևանքով. ԱԳ փոխնախարարը՝ Լեհաստանի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 4-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում: Այս համատեքստում կարևորվել է Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայականը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում