ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Արմեն Շեկոյան, «Երևան հյուրանոց»
Հրատարակությունն ընդգրկում է բանաստեղծ և արձակագիր Արմեն Շեկոյանի՝ 2003 թվականին լույս տեսած համանուն ժողովածուն՝ փոքր խմբագրումներով։ Այն համալրված է նաև ձեռագիր և մինչ օրս անտիպ բանաստեղծությունների ընտրանիով՝ երկու կարմիր գրքույկներից, որոնցում հեղինակն առանց հատուկ հաճախականության և ընդմիջումներով գրել է դեռևս 1980-ականներից։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը։
Թարգմանական գրականություն
Ժոել Դիկեր, «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»
15-ամյա Նոլա Կելերգանը 1975-ի օգոստոսի 30-ին մտնում է անտառ ու անհետանում։ Այդ օրը Նյու Հեմփշիր նահանգի Ավրորա քաղաքը զրկվում է հանգստից: 33 տարի անց երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանն այցելում է Ավրորա, որպեսզի գրական ոգեշնչում ձեռք բերի ու հետ չընկնի իր հրատարակչի սահմանած վերջնաժամկետից։ Նաև ցանկանում է հանդիպել Ամերիկայի ամենահեղինակավոր գրողներից մեկին՝ իր ուսուցիչ Հարի Քվեբերտին։ Սակայն սենսացիոն իրադարձությունը տապալում է Մարկուսի ծրագրերը։ Հարիին ներկայացվում է Նոլա Կելերգանին սպանելու մեղադրանք, քանի որ նրանց միջև սիրավեպ էր եղել: Մեդիան մեղադրում է Հարիին, և Մարկուսը սկսում է իր քննությունը: Հարիի գրական կարիերան ու նույնիսկ կյանքը փրկելու համար Մարկուսը պետք է պատասխանի երեք հարցի՝ ո՞վ է սպանել Նոլա Կելերգանին, 1975-ին ի՞նչ է կատարվել Ավրորայում, և ի՞նչ է պետք իսկական վեպ գրելու համար: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Փաստավավերագրական գրականություն
Սերժ Մոմջյան, «Կոմիտաս. արվեստագետն ու նահատակը»
Սա Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված գեղարվեստական արձակ է՝ Սերժ Մոմջյանի մեկնաբանությունը: Կոմիտասի մասին տարբեր փաստական տվյալներն այստեղ համադրված են հեղինակի պատկերացրած տեսարանների ու երկխոսությունների հետ:
Այս ամբողջ գիրքն արտացոլում է Կոմիտասի անհատականության երկու կողմերը՝ արվեստագետին և նահատակին, որոնց մեջ զարմանալիորեն միավորվում են արվեստն ու տառապանքը, ինչի արդյունքում Կոմիտասը դառնում է մեկ ամբողջություն իր ժողովրդի հետ:
«Այս գիրքը գրելու միտքը ծագեց, երբ հասկացա, որ մինչ այսօր Կոմիտասին նվիրված գեղարվեստական արձակ չի ստեղծվել: Պատմությունների մեծ մասը հիմնված է իրական փաստերի վրա: Իսկ գեղարվեստական պատկերները զգուշորեն եմ հավելել դրանց՝ պատմությունն ավելի գրավիչ և սյուժեի կոնֆլիկտն ավելի սուր ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ կատարածս աշխատանքը ընթերցողներին դուր կգա». Սերժ Մոմջյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը