Տարածաշրջանային

Իրանի դիվանագիտական գերատեսչության օրակարգում է պատժամիջոցների վերացումը. Ամիր Աբդոլլահիան

2 րոպեի ընթերցում

Իրանի դիվանագիտական գերատեսչության օրակարգում է պատժամիջոցների վերացումը. Ամիր Աբդոլլահիան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացմանն ուղղված ջանքերը երկրի դիվանագիտական ​​ապարատի օրակարգում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԻՐՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք Օմանի արտաքին գործերի նախարարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և այլ երկրների մի շարք պաշտոնյաների հետ բանակցություններում քննարկել ենք մի նախաձեռնություն, որը հայտնի է որպես Օմանի սուլթանի նախաձեռնություն», - ասել է նա:

Որպես դրական քայլ մատնանշելով Իրանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակումը և Հարավային Կորեայում իրանական ակտիվների ապասառեցումը` Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ, բնականաբար, Թեհրանի ու Վաշինգտոնի միջև ընթանում է ուղերձների փոխանակում։

«Մենք պետք է տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Մենք կշարունակենք դիվանագիտության ​​և բանակցությունների միջոցով պատժամիջոցները չեղարկելու մեր ջանքերը», - հավելել է նա։

Արտգործնախարարը նշել է, որ Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը լավ է ապահովում իրանական ազգի շահերը և հարգում երկրի կարմիր գծերը։ Ցանկացած ծրագիր, որի արդյունքը պատժամիջոցների վերացումն է և բոլոր կողմերի վերադարձն իր պարտավորություններին, բնականաբար, կարող է հայտնվել Իրանի ուշադրության կենտրոնում:

«Օմանի սուլթանի նախաձեռնությունը նպաստում է այն բանին, որ արագացվի բոլոր կողմերի վերադարձը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում իրենց պարտավորություններին: Օմանի սուլթանը նոր ծրագիր կամ տեքստ չի առաջարկում», - հավելել է նախարարը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը Նյու Յորք կատարած 7-օրյա այցից հետո սեպտեմբերի 24-ի գիշերը վերադարձել է Թեհրան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում