Երևանի մետրոն սեպտեմբերի 24-ին փակ կլինի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 24-ին փակ կլինի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին մետրոպոլիտենից։
«Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։
Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Նախնական տվյալներով՝ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։ Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։
Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան։
Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։