Հասարակական

Իրավապահների հրապարակումներում մատնանշվում են հանցանքների մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ. ՀՀ ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

Իրավապահների հրապարակումներում մատնանշվում են հանցանքների մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ՝ նշելով, որ ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը, և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անձանց լուսանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այդ առնչությամբ Պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձին նույնականացնող տվյալների հրապարակումը պետք է բավարարի համապատասխան միջազգային և ներպետական չափանիշներին: «Հակառակ դեպքում պետությունը կարող է խախտել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքը: Այդ համատեքստում առանցքային է, որ նշված անձանց վերաբերելի տվյալների հրապարակումը կարող է իրականացվել միայն իրավաչափ նպատակի առկայության դեպքում, եթե դա բխում է անձնական տվյալների գաղտնիության շահի նկատմամբ գերակայող սոցիալական կարիքից, իսկ նման հրապարակումը պետք է համաչափ լինի հետապնդվող նպատակին։ Ընդ որում, այդպիսի հրապարակումները պետք է հնարավորինս սահմանափակվեն տվյալների այն շրջանակով, որոնց հրապարակումը խիստ անհրաժեշտ է՝ պայմանավորված տվյալ քրեական վարույթի առանձնահատկություններով։ Այդ է պահանջում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ինչ վերաբերում է լուսանկարների հրապարակմանը, ապա ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ այն դեպքերում, երբ լուսանկարի հրապարակումն ինքնին քրեական վարույթի շրջանակներում տեղեկատվական արժեք չունի, անհրաժեշտ են հատկապես ծանրակշիռ պատճառներ՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին նման միջամտությունն իրավաչափ դիտարկելու համար։ Որպես նման հիմնավոր պատճառ Եվրոպական դատարանի կողմից դիտարկվել է, օրինակ, փախուստի դիմած մեղադրյալի տվյալների հրապարակումը՝ հանրության կողմից վերջինիս նույնականացումն ապահովելու նպատակով։

Նշվում է, որ, հաշվի առնելով վերոգրյալը, Պաշտպանը կոչ է անում իրավասու պետական մարմիններին նմանատիպ հրապարակումները կատարելիս հաշվի առնել ներկայացված չափանիշները՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հնարավոր խախտումները բացառելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում