Քաղաքականություն

Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները

2 րոպեի ընթերցում

Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և զերծ մնալ խաղաղ բնակչության համար վտանգ ներկայացնող քայլերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի տարածած հայտարարությունում։

«Կանադան լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական միջամտության հետևանքով Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայի և հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ հետագա հումանիտար հետևանքներից խուսափելու համար», - նշված է հայտարարությունում։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության և բարեկեցության համար, և բարեխղճություն դրսևորել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատարակարումների վերականգնմանը՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով», - հավելել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։

Հայտարարությունում նաև ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման, կողմերի միջև երկխոսության, ուժի չկիրառման և հակամարտության լուծման հարցում «տարածքային ամբողջականության և ինքնորոշման» կարևորությունը։

«Կանադան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ մեղմելու այս անհիմն ռազմական գործողության ազդեցությունը խաղաղ բնակիչների վրա, որոնք արդեն իսկ տուժել են ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակումից, և գտնելու այս հակամարտության կայուն, բանակցային լուծում», - եզրափակել է Մելանի Ջոլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում