Հասարակական

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ

2 րոպեի ընթերցում

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի Անի Կարապետյան անվամբ օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերևույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ հիշյալ անձն իր էջում գրել է. «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ է գնալ սատկացնել նրան…»։

Մեկ այլ գրառման մեջ գրված է. «Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։

Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ իրականացվում է նախաքննություն։ Վարույթի շրջանակներում կայացվել է որոշում՝ Անի Կարապետյանին ձերբակալելու վերաբերյալ, ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում