Հասարակական

Կառավարության շենքի դիմաց բռնության կոչեր հնչեցնելու համար կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում

2 րոպեի ընթերցում

Կառավարության շենքի դիմաց բռնության կոչեր հնչեցնելու համար կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձին լրատվամիջոցների առցանց ռեսուրսներով տարածվել է Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ տեսանյութ, որի ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել 1991թ. ծնված Սերոբ Նալթակյանի կողմից զանգվածային լրատվության միջոցների, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, բարձրախոսի միջոցով նա բազմաթիվ անձանց ներկայությամբ և ԶԼՄ-ների կողմից հավաքի ընթացքի լուսաբանման պայմաններում հայտարարել է. «Նեգատիվը, եթե լավ չհասկանան, թափելու ենք էս շենքի վրա։ Եթե պետք լինի, սաղ շենքերի վրա նեգատիվ ա թափվելու։ Մենք պետք է համախմբված անենք։ Եթե բան ենք ջարդելու, համախմբված ջարդելու ենք։ Եկեք ինչքան կարանք մարդ կանչենք ստեղ։ Խնդրենք, ծեծենք, խաբենք, համոզենք։ Թող գան ստեղ, կհասկանան հարցն ինչումն ա։ Հենց եկան ստեղ, հավաքվեցինք, լցվեց հրապարակը, հասկացողը հասկանալու ա, չհասկացողի գլխին էլ տալու ենք»։

Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ վերոնշյալում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվում է նախաքննություն։ Կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում, ինչի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում