Հասարակական

ՄԻՊ-ն Իրանի արդարադատության փոխնախարարին ներկայացրել է ԼՂ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանք մարդու իրավունքների խախտումները

3 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն Իրանի արդարադատության փոխնախարարին ներկայացրել է ԼՂ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանք մարդու իրավունքների խախտումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ դոկտոր Ասքար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։

HRD (27).jpeg (89 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ստեղծում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Անահիտ Մանասյանը հատուկ ընգծել է, որ ադրբեջանական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը հետապնդում են ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու, իրենց հայրենիքում ազատ ապրելու իրավունքից զրկելու նպատակ։

«Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ոտնահարվել են քաղաքացիական բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։ Այդ գործողությունների հետևանքով այսօր մարդիկ են զոհվել և վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, բնակելի շենքեր և այլն»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անձամբ է այցելել այդ բնակավայրեր, իրականացրել է փաստահավաք աշխատանք, որոնց արդյունքները ներառվել են արտահերթ զեկույցներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները, աշխատանքի ուղղությունները: Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատությունների միջև միջազգային մակարդակով հմտությունների և փորձի փոխանակումը:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանը, բնապահպանական իրավունքներին առնչվող հարցեր։ Ասքար Ջալալիանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում