Հասարակական

ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչի առթիվ նախաձեռնվել է 2-րդ քրեական վարույթը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչի առթիվ նախաձեռնվել է 2-րդ քրեական վարույթը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևութ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելունկամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

«ՀՀ քննչական կոմիտեն կրկին կոչ է անում ազգաբնակչությանը դրսևորել քաղաքացիական վարքագիծ, չկատարել հասարակական կյանքը խաթարելուն, ներքին անվտանգությունը սասանելուն և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ, նման գործողությունների դիմելու կոչեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ողջ ծավալով հետամուտ է լինելու նման հանցավոր արարքներին համաչափ քրեաիրավական գնահատական տալուն և դրանք կատարողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում