Իրանի նախագահը պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ հանդես գալ Ուկրաինայի հակամարտությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ իր պետությունը պատրաստ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում հանդես գալ միջնորդի դերում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին Ռայիսին հայտնել է Նյու Յորքում արտաքին քաղաքականության բնագավառում ամերիկացի մասնագետների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք դեմ ենք (Ուկրաինայում) պատերազմին և պատրաստ ենք որպես միջնորդ հանդես գալ դրան վերջ դնելու համար: Սակայն պատերազմը շարունակվում է ամերիկացի հարկատուների հաշվին, որոնց փողերը գնում են զինագործական ձեռնարկությունների տերերի գրպանները... Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ իշխանություններին վերջ դնել ռազմական գործողություններին», - ասել է Ռայիսին։
Ավելի վաղ Իրանը պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս Ուկրաինայի հակամարտության ռազմական լուծմանը։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բազմիցս ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը ՌԴ-ին զենք և անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում ռազմական գործողություններում օգտագործելու համար։