ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:
Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Մարգարիտ Դերանց, «Գմբեթավոր հովանոցը»
Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպ է չսփոփվող ցավի ու անչափելի կորստի ողբերգականության, բայց և դժվարություններին դիմադրելու կամքի և խոր հավատի մասին: Վեպի սյուժեն՝ ներառելով Արցախյան առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, տարբեր բնավորությունների ու կենսագրությունների, երևույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր՝ թիրախային ընդհանրացումներով: Խմբագիր՝ Վազգեն Վանատուր: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
Թարգմանական գրականություն
Ժոել Դիկեր, «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»
15-ամյա Նոլա Կելերգանը 1975-ի օգոստոսի 30-ին մտնում է անտառ ու անհետանում։ Այդ օրը Նյու Հեմփշիր նահանգի Ավրորա քաղաքը զրկվում է հանգստից: 33 տարի անց երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանն այցելում է Ավրորա, որպեսզի գրական ոգեշնչում ձեռք բերի ու հետ չընկնի իր հրատարակչի սահմանած վերջնաժամկետից։ Նաև ցանկանում է հանդիպել Ամերիկայի ամենահեղինակավոր գրողներից մեկին՝ իր ուսուցիչ Հարի Քվեբերտին։ Սակայն սենսացիոն իրադարձությունը տապալում է Մարկուսի ծրագրերը։ Հարիին ներկայացվում է Նոլա Կելերգանին սպանելու մեղադրանք, քանի որ նրանց միջև սիրավեպ էր եղել: Մեդիան մեղադրում է Հարիին, և Մարկուսը սկսում է իր քննությունը: Հարիի գրական կարիերան ու նույնիսկ կյանքը փրկելու համար Մարկուսը պետք է պատասխանի երեք հարցի՝ ո՞վ է սպանել Նոլա Կելերգանին, 1975-ին ի՞նչ է կատարվել Ավրորայում, և ի՞նչ է պետք իսկական վեպ գրելու համար: Թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն
Յոհան Դևիդ Վիս, «Շվեյցարացի Ռոբինզոնները»
Սարսափելի փոթորկից հետո Ռոբինզոնների ընտանիքը հայտնվում է անմարդաբնակ կղզում։ Նրանք պետք է սովորեն ապրել այս տարօրինակ վայրում, որ իրենց ծանոթ աշխարհից միանգամայն տարբեր է։ Հետաքրքիր իրադարձությունները հաջորդում են միմյանց. Ռոբինզոնները հանդիպում են պատրաստակամ կրիայի, ծառի վրա տուն կառուցում և կղզին իրենց տունը դարձնում։ Նոր համատեղ կյանքի կառուցման ճանապարհին ընտանիքին զարմանահրաշ արկածնաեր են սպասում։ Վերապատումը` Սևիոր Պիրոտայի: Թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը