Հասարակական

Ընթանում են ապագա պարեկների օպերատիվ և արագ արձագանքելու հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները

3 րոպեի ընթերցում

Ընթանում են ապագա պարեկների օպերատիվ և արագ արձագանքելու հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հանրապետության 4 մարզերում ծառայության անցնելու համար սովորող ապագա պարեկների սցենարային վերապատրաստմանը (SBT) սեպտեմբերի 15-ին հետևել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 5-ամսյա կրթության վերջին փուլում ապագա պարեկները պրակտիկային զուգահեռ անցնում են ստացված գիտելիքները գործնականում կիրառելու պատասխանատու փուլը: Նորարար մոտեցմամբ այս վերապատրաստումներն ապագա պարեկներին հնարավորություն են տալիս ծանոթանալ գործնականում հանդիպող իրավիճակներին` նրանց մոտ զարգացնելով օպերատիվ և արագ արձագանքելու հմտություններ:

«Սցենարների վրա հիմնված վերապաստրաստումները, որոնք Լոռու և Շիրակի մարզերից սկսած դարձել են պարեկների ակադեմիական ուսումնառության պարտադիր բաղադրիչը, տեղի են ունենում 4 հիմնական ուղղություններով՝ հասարակական կարգի խախտումներ, բարձր ռիսկային մեքենաների կանգնեցում, ստանդարտ մեքենաների կանգնեցում, ընտանեկան բռնության դեպքեր, հարևանների միջև վեճեր: Սցենարները իրական կյանքում հանդիպող իրավիճակների հենք ունեն և վերցված են նաև Պարեկային ծառայության գործունեության արդյունքների ուսումնասիրություններից։ Ուսումնական գործընթացի այս բաղադրիչն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի (INL) և ICITAP առաքելության հետ սերտ համագործակցության արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ղեկավարությունն ու ամերիկյան գործընկերները տեղում հետևել են տարբեր բարդ իրավիճակներում պարեկների գործողություններին. մասնավորապես, երբ անձը ալկոհոլի ազդեցության տակ խախտում է հասարակական կարգը, ինչպես են մեքենայից իջեցնում հարբած ու պարեկների պահանջներին չենթարկվող վարորդներին, ինչպես են առգրավում ապօրինի զենքը և թմրանյութը, ինչպես են կանխում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող անձի ինքնասպանության փորձը:

Նշվում է, որ ուսումնական գործընթացն իրականացվում է հայ և ամերիկյան դասախոսների կողմից: Ի տարբերություն նախորդ ակադեմիաների՝ այս ակադեմիայի շրջանակներում մեծ դերակատարումը տրված է հայ վերապատրաստողներին՝ նպատակ ունենալով ամրապնդել կրթահամալիրի ինստիտուցիոնալ կարողությունները հաջորդիվ ակադեմիաների իրականացման շրջանակներում։ Վերապատրաստողների շարքում են նաև գործող պարեկները, որոնք պրակտիկայում բարձր ցուցանիշներ գրանցելու արդյունքում ընդգրկվել են վերապատրաստող դասախոսական անձնակազմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում