Հասարակական

ՀՀ ՍԴ-ն և ԱՄՆ ՄԶԳ-ն կիրականացնեն «Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնությունը

5 րոպեի ընթերցում

ՀՀ ՍԴ-ն և ԱՄՆ ՄԶԳ-ն կիրականացնեն «Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ - USAID) հետ համատեղ սկսում է «Սահմանադրական արդարադատության հարթակ» (ՍԱՀ) նոր նախաձեռնությունը, որին մասնակից են դառնալու այն պետական մարմիններն ու քաղաքացիները, որոնք Սահմանադրության ուժով իրավունք ունեն դիմելու Հայաստանի Բարձր դատարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սահմանադրական դատարանից, աջակցելով ՍԱՀ նախաձեռնությանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նպատակ ունի ՀՀ-ում սահմանադրական արդարադատության շուրջ բաց երկխոսություն սկսել։ Նախաձեռնությունը կնպաստի ավելի միասնական իրավական պրակտիկային, սահմանադրական արդարադատության մատչելիության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավահավասարության և իրավունքի գերակայության առավել լավ ընկալմանը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ստեղծվող հարթակը կապահովի պետական գերատեսչությունների և ներպետական այլ դերակատարների միջև համագործակցություն և փորձի փոխանակում՝ նպաստելու Հայաստանում առկա իրավական պրակտիկայի ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, կարևորելով «Սահմանադրական արդարադատության հարթակի» ստեղծումը, նշել է․ «Սահմանադրական դատարանի առաքելությունն է ապահովել ժողովրդավարության, ինքիշխանության, ազատության և իրավունքի գերակայության անշեղ ամրապնդումը մեր երկրում։ 2023-2025 թվականների ռազմավարական զարգացման գործողությունների հայեցակարգով մենք արդեն իսկ վերհանել ենք այն առաջնահերթ խնդիրները, որոնց համակարգված լուծումը էլ ավելի կբարձրացնի Սահմանադրական դատարանի աշխատանքի արդյունավետությունը։ Այս ճանապարհն մեր կողքին են միջազգային գործընկերները, այդ թվում՝ արդեն նաև ԱՄՆ ՄԶԳ-ն։ «Սահմանադրական արդարադատության հարթակի» մեկնարկով մենք պաշտոնապես ազդարարում ենք Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի ծրագրի հետ մեր համագործակցությունը»։

Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության հնգամյա ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր ողջույնի խոսքում ընդգծել է․ «Մենք հպարտ ենք, որ «Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնության շրջանակում համագործակցում ենք Հայաստանի Հանրապետութան Սահմանադրական դատարանի հետ: Համատեղ ջանքերի միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանում ամրապնդելու իրավունքի գերակայությունը, բարձրացնելու արդարադատության մատչելիությունը և խթանելու ավելի միասնական ու անաչառ իրավական համակարգը։ Այս հարթակն արտացոլում է մեր հանձնառությունը՝ աջակցելու ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին և բոլորի համար հավասար պայմաններով արդարադատությանը»։

Նշվում է, որ «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակում առաջիկայում կիրականացվեն հատուկ նախագծված աշխատաժողովներ Սահմանադրական դատարանի հետ առնչվող որոշակի խմբերի համար։ Աշխատաժողովները նվիրված կլինեն Հայաստանում իրավունքի գերակայությանը և միասնական դատական պրակտիկային։

««Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնությունն ազդարարում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության և Սահմանադրական դատարանի միջև երկարաժամկետ համագործակցության մեկնարկը»,- հայտնում են ՀՀ ՍԴ-ից՝ հավելելով, որ առաջիկա ամիսների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը Հայաստանի Բարձր դատարանին տրամադրելու է մասնագիտական փորձագիտական և տեխնիկական աջակցություն։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ուղղված կլինի Սահմանադրական դատարանի վարչարարության, ներքին աշխատանքային ընթացակարգերի և ռազմավարական հաղորդակցման զարգացմանը՝ խթանելով դատարանի ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում