Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության խնդիրները

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիզոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Արգիշտի Քյարամյանն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։

«Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին, գործնականում չկան հարցումներ, որոնք չեն կատարվել, իսկ Կոմիտեի և Հնդկաստանի դեսպանատան միջև ստեղծված կոնտակտային կապը գործում է անխափան։ Դրանք էապես նպաստում են տեղեկատվության փոխանակման և քրեական վարույթների նախաքննության արդյունավետությանը։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան իր հերթին արժևորել է հայ-հնդկական դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ դրանց ջերմությունը շարունակական է։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանատան հետ համագործակցության հարցում ՀՀ քննչական կոմիտեի շահագրգռության և ջանքերի համար, ինչպես նաև ընդգծել է Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ դրսևորվող հարգալից վերաբերմունքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ մարմինների միջև գործակցության խորացմանը, կրթական և աշխատանքային նպատակներով Հայաստանում գտնվող Հնդկաստանի մեծաթիվ քաղաքացիների իրավական պաշտպանությանը, նրանց առնչվող քրեական վարույթներով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակությամբ նկատել է, որ վերջին շրջանում Հնդկաստանից մարդկանց ներհոսքի մեծացման պայմաններում նրանց կատարած հանցագործությունների քանակական աճ չի նկատվում։ Շեշտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է մեր երկրում Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ հանցավոր ոտնձգություններին արագ քրեաիրավական արձագանքի ապահովումը։

Նշվում է, որ երկուստեք համոզմունք է արտահայտվել, որ դեսպանի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ իրավական հարաբերությունների առաջընթացի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում