Խաղաղ գործընթացում նշանակալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորումը․ Մարուքյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը՝ Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էդմոն Մարուքյանն այս մասին գրել է X-ի իր էջում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բացակայությունը ֆունդամենտալ խնդիր է և այն պետք է լուծել, որպեսզի խաղաղ գործընթացում նշանակալի արդյունքներ լինեն։ Կարող եմ վստահ հայտարարել, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի վարչապետն արել է հնարավոր և, կարող է թվալ, անհնար բոլոր քայլերը խաղաղ բանակցություններում վստահության ամրապնդման համար, որի նպատակն է հասնել երկարաժամկետ խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Մարուքյանը։

Նա հավելել է, որ այդ քայլերին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է իր բանտերում պահել ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց, առևանգել նոր պատանդների Հայաստանի տարածքից և Լաչինի միջանցքից, չի հանում իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից՝ պարբերաբար հարձակվելով նրա վրա, սպանում և վիրավորում է ավելի շատ մարդկանց, արգելափակում է հաղորդակցությունները, տորպեդահարում է պետական սահմանների դելիմիտացիայի գործընթացը, շրջափակել ու սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, մերժում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները միջազգային մեխանիզմի ներքո։

«Այս ամենը խափանել է ու շարունակում է վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև դրանում ներգրավված բոլոր միջնորդների ջանքերին։ Հիմա, այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը զորքեր է կուտակել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստանի սուվերեն տարածքի երկայնքով և իր պետական քարոզչությունը կենտրոնացրել է պատերազմական խոսույթի վրա՝ սպառնալով տարածաշրջանային փխրուն խաղաղությանը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ խաղաղ գործընթացը հասկանալի կետի վերադարձնելու համար միջազգային հանրությունը և միջնորդները պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանն ադեկվատ քայլեր ձեռնարկի՝ ի պատասխան վստահությունն ամրապնդելուն ուղղված Հայաստանի քայլերի։ «Դրա արդյունքում Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, միջազգային մեխանիզմի ներքո բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դուրս հանի իր զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից, ազատի ադրբեջանական բանտերում պահվող բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, սկսի դելիմիտացիայի գործընթացը 1975 թվականի քարտեզի հիման վրա, ապաշրջափակի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները կողմերի սուվերենության և ազգային օրենսդրությունների հիման վրա»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը