Տարածաշրջանային

ԵՄ-ում Վրաստանին կոչ են արել համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում Վրաստանին կոչ են արել համագործակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ցանկանում է Ուկրաինային աջակցելու հարցում սերտորեն համագործակցել գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որն այցով գտնվում է Վրաստանում:

Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն «աջակցում է և կաջակցի Ուկրաինային, որքան դա անհրաժեշտ լինի»։

«Մենք և մեր գործընկերները սերտորեն աշխատում ենք Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ և ողջունում համագործակցությունը սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում», - վկայակոչում է «Интерфакс»-ը Բորելի խոսքերը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Բորելն ընդգծել է, որ Վրաստանը, որպես Եվրամիության գործընկեր, պետք է սերտորեն համագործակցի նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման հարցում։

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը կարող են ակնկալել Եվրամիության աջակցությունը եվրաինտեգրման ճանապարհին։

Ղարիբաշվիլին իր հերթին ասել է, որ Վրաստանը լիովին կիսում է ԵՄ-ի և միջազգային հանրության մոտեցումներն Ուկրաինային հուզող հարցերի վերաբերյալ։

Վարչապետը նաև մեկնաբանել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը։

«Մենք ավելի վաղ պարզաբանումներ ենք արել, որ պատժամիջոցների տակ գտնվող ոչ մի ռուսական ավիաընկերություն և ոչ մի ինքնաթիռ չի գործում կամ թռչում Վրաստան, այնպես որ, այս հարցում ևս մենք գործում ենք մաքուր ու թափանցիկ», - ասել է Վրաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանը վերջին տարիներին հաջողությամբ զարգանում է տնտեսապես։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում