Հասարակական

Երևանում կանցկացվի «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 12-14-ը տեղի կունենա «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն 8 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Լիբանան) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Գիտաժողովի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ճեմասրահում կկազմակերպվի խաչատրյանագիտության ձեռքբերումները ներկայացնող ցուցադրություն, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Հավերժ երախտապարտ Արամից» ցուցահանդեսը, որի ընթացքում կներկայացվեն Ել. Ֆ. Գնեսինայի թանգարան-բնակարանում (Մոսկվա) պահվող նյութերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում