«Երևանյան բեսթսելեր». «Սրճարան աշխարհի եզրին» -ը ՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2023
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Առաջին տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Ռոնդա Բեռնի «Գաղտնիքը» երկրորդ տեղում է։ ««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց... Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում: Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների...Գաղտնիքի հետքերը պատմության խորքերում փնտրելիս հեղինակը պարզել է, որ մեծագույն մարդիկ՝ Պլատոնը, Շեքսպիրը, Նյուտոնը, Հյուգոն, Բեթհովենը, Լինքոլնը, Էդիսոնը, Էյնշտեյնը, նրանք բոլորն էլ իմացել են դա...
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» չորրորդ տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Հինգերորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Վեցերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Յոթերորդ տեղում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը։ Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում թե՛ մեր անցած ճանապարհի և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա։
Ութերորդ հորիզոնականում էՄարկՄենսոնի«Թքածունենալունուրբարվեստը»գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
«Գարեգին Նժդեհ. Կյանքն ու ստեղծագործությունները» գիրքը իններորդ հորիզոնականում է։ «Ինքնություն» մատենաշարի սույն հատորն ամփոփում է ռազմական և պետական գործիչ, իմաստասեր, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից-հրամանատար Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյանի) «Էջեր իմ օրագրից», «Բաց նամակներ հայ մտավորականությանը», «Խոսք հայ երիտասարդությանը», «Որդիների պայքարը հայրերի դեմ», «Ցեղի ոգու շարժը», «Բանտային գրառումներ», «Խուստուփյան կանչեր» երկերը, որոնք միտված են հայ երիտասարդության, մտավորականության շրջանում ինքնության, ազգային գաղափարների ու նպատակների վերարժևորմանը և հայ ռազմիկի պայքարող, աննկուն ոգու անսասանությանն ու ամրապնդմանը:
Տասներորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * | ![]() |
Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» |
Դավինչի | 63 |
| 2 | * | ![]() |
Ռոնդա Բեռն «Գաղտնիքը» |
Բուկինիստ | 58 |
| 3 | * | ![]() |
Ջեյմս Քլիըր «Ատոմային սովորություններ» |
Էդիթ Պրինտ | 56 |
| 4 | -3 | ![]() |
Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» |
Դավինչի | 53 |
| 5 | 0 | ![]() |
Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» |
Վերնատուն | 43 |
| 6 | -3 | ![]() |
Ջո Նավարո «Ես կարդում եմ Ձեր մտքերը» |
Դավինչի | 43 |
| 7 | +2 | ![]() |
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան «Ավետյաց երկրի տեսիլքով» |
հեղ․հրատ | 39 |
| 8 | * | ![]() |
Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը» |
Newmag | 37 |
| 9 | * | ![]() |
«Գարեգին Նժդեհ․ Կյանքն ու ստեղծագործությունները» | Էդիթ Պրինտ | 35 |
| 10 | * | ![]() |
Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» |
Անտարես |
28 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









