Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել Հաղթանակի օրը մայիսի 8-ին նշելու նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանը չի պաշտպանել Հաղթանակի օրը մայիսի 8-ին նշելու նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ չեն աջակցել ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի օրենսդրական նախաձեռնությանը` հանրապետությունում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին, քվեարկության արդյունքներով՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն կողմ է քվեարկել 20, դեմ՝ 4 պատգամավոր։ Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորի համաձայնությունը։

Ելույթ ունենալով ամբիոնից՝ Ակուբարդիան հիմնավորել է նախաձեռնությունը նրանով, որ պետք է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշել Եվրոպայի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի։ Նրա խոսքով՝ օրինագիծը չի արգելում վետերաններին և այլ անձանց տոնը նշել նաև մայիսի 9-ին և այցելել հուշահամալիրներ, սակայն պաշտոնական օրը պետք է լինի մայիսի 8-ը։ Օրինագիծը համատեղ նախաձեռնել են Ակուբարդիան, որը ներկայացնում է քաղաքական «Ռեֆորմատորների խումբը», ինչպես նաև անկախ ընդդիմադիր պատգամավոր Արմազ Ախվլեդիանին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն օրինագծի քննարկման ժամանակ հարցեր ուղղելով նախաձեռնողին՝ քննադատել են օրինագիծը՝ նշելով, որ այն մայիսի 9-ը տոնելու սովոր հասարակությանը կպառակտի։ Նրանց կարծիքով՝ հիմա աբսուրդ է քննարկել, թե ժամը քանիսն էր, երբ ստորագրվեց Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանագիրը, և ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը պետք է պաշտոնապես նշվի մայիսի 9-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում