Տարածաշրջանային

Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ձեռնամուխ են լինում նախագահի իմփիչմենթի ընթացակարգին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնության սեպտեմբերի 4-ի նիստում կսկսի անհրաժեշտ ձայներ հավաքել Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու նպատակով: Դրա պատճառն այն է, որ Զուրաբիշվիլին իր արտասահմանյան այցերը չի համաձայնեցրել կառավարության հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, թե նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթն այն պատճառով, որ չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է արտասահմանյան այցերը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է, որ ստորագրահավաքից հետո իշխող կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան։

«Մենք որոշում ընդունեցինք իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու մասին: Կպատրաստվի 50 պատգամավորի ստորագրությամբ փաստաթուղթ, այնուհետև կդիմենք Սահմանադրական դատարան. դատարանը մեկ ամիս ժամանակ կունենա իրավական որոշում պատրաստելու և այն խորհրդարանին ներկայացնելու համար։ Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք գործ ունենք սահմանադրական խախտման հետ, ապա խորհրդարանում քվեարկություն կսկսվի: Ես հասկանում եմ ընդդիմության մեկնաբանությունները, որոնք չեն պլանավորում աջակցել իմփիչմենթին, բայց նրանք պետք է որոշում կայացնեն քվեարկության ժամանակ», - հայտարարել է Պապուաշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը մերժել էր նախագահի արտասահմանյան այցերը 10 պետություններ, այդ թվում՝ Գերմանիա, Ուկրաինա, Իսրայել և ԱՄԷ։

Նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Զուրաբիշվիլին օգոստոսի 31-ից հանդիպումներ է սկսում եվրոպացի առաջնորդների հետ՝ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցություն ստանալու համար, որը երկիրն ակնկալում է ստանալ դեկտեմբերին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում