Մշակույթ

Կոմպոզիտոր Հայկոյի ստեղծագործություններն առաջին անգամ հնչեցին սիմֆոնիկ կատարմամբ

5 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Հայկոյի ստեղծագործություններն առաջին անգամ հնչեցին սիմֆոնիկ կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սիմֆոնիկ Հայկո». այս խորագիրն ուներ օգոստոսի 25-ին ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի 50-ամյա հոբելյանին նվիրված համերգային հագեցած ծրագիրը։

368498751_1002067127599721_445332339358237897_n.jpg (464 KB)

Երկրորդ տարին է` երգչի, երգահանի ծննդյան օրը ընկերները, երկրպագուները, հարազատներն առանց նրա են համախմբվում իր երգարվեստի շուրջ՝ հիշելով, մեծարելով կյանքից վաղաժամ հեռացած արտիստին։

Ազդարարելով սպասված հանդիսավոր երեկոյի մեկնարկը Ավետ Բարսեղյանն ու Խորեն Լևոնյանը շնորհավորեցին ընկերոջը, պարբերաբար անդրադառնալով նրա մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներին, բնորոշելով որպես 21-րդ դարի ականավոր հայ կոմպոզիտոր։

Համերգի գլխավոր ուղերձներից էր՝ արժանիներին կյանքի օրոք գնահատելու, մեծարելու, արժանին մատուցելու կարևորությունը։

368558181_1363249040935450_3472517259130629836_n.jpg (245 KB)

Սիմֆոնիկ տարբերակով ստեղծագործությունները ներկայացնելը Հայկոյի երազանքն էր․ մեծ էկրան, նվագախումբ, կադրեր ֆիլմերից․ այս ամենը թիմային աշխատանքի շնորհիվ իրականություն դարձավ օգոստոսի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ), երգարվեստի ներկայացուցիչների, անվանի երաժիշտների, ինչպես նաև Ազգային ակադեմիական երգչախմբի

(գեղարվեստական ղեկավար Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան) կատարումները նոր շունչ, մշակում, բառերով դժվար փոխանցվող հուզական էներգետիկա ունեին։

Ապրած հինգ տասնամյակի գերակշիռ մասը Հայկոն նվիրեց երաժշտարվեստին՝ ստեղծելով չհնացող, մարդկանց հոգու և սրտի նուրբ անկյուններին դիպչող երգեր։

371470713_308925041708782_5692925430192431733_n.jpg (128 KB)

Թախիծ ու միաժամանակ խորը, լուսավոր ակնածանք սիրո երգչի անավարտ թողած գործունեության և կյանքի համար։

Յուրաքանչյուր երգ պատմություն է, հեղինակի տարբեր տարիներին գրված հուզական ապրումների նոտայական դրսևորում։

Կազմակերպիչները` ի դեմս 2022 թվականին ստեղծված «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, այլ գործընկերների փորձեցին կյանքի կոչել Հայկոյի երազանքը, որը նրա և Սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր, Սերգեյ Սմբատյանի համատեղ գաղափարն էր։

Շուրջ երկու ժամ տևողությամբ համերգը Հայկոյի կախարդական երաժշտական աշխարհով ճամփորդելու հնարավորություն էր․ էկրանից նաև ինքը հոբելյարն էր զրուցում ներկաների հետ՝ արխիվային տեսանյութերից հատվածներով, խորիմաստ միեջբերումներով ու իր ձայնային տեմբրի տարբերվող կատարումներով, ժպիտով։

Հայրենական արտադրության կինոֆիլմերի երաժշտության վերջին տարիների գլխավոր հեղինակը հնչում էր սիմֆոնիկ մշակմամբ առաջին անգամ, ընկալելի, զուսպ, մեղեդային։

Ինչպես և հաղորդավարները փաստեցին, Հայկոյի աշխատանքները անցել են ժամանակի ստուգատեսը։ Նրա երգերը բացառապես սիրո մասին էին ու պատահական չէ, որ Հայկոն սիրում էր բոլորին, իր դրական, ջերմ հետքը թողնելով գրված երաժշտության մեջ, մարդկանց հիշողություններում։

Առաջին անգամ Հայկ Հակոբյանի ստեղծագործություններից երկուսը հնչեցին թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի նվագակցությամբ։

Ծրագիրը մեկնարկեց սիրված «Վերև» երգով, եզրափակվեց Հայկոյի երաժշտությամբ «Անատոլիական պատմություն» ֆիլմի սաունդթրեքով, այնուհետև Երևանին նվիրված կատարմամբ։

368558863_885065472978520_289337946666533839_n.jpg (275 KB)

Միայն հոբելյանական համերգով սակայն չամփոփվեց օգոստոսի 25-ը։ Հեռուստաէկրաններից ևս իր ծննդյան օրը Հայկոն էր՝ տարբեր տարիների մենահամերգներով, հեռուստահաղորդումներով։

Սիրո երգիչը 2012 թվականին հարցազրույց էր տվել «Արմենպրես»-ին, հաջորդիվ իր ծրագրերի ու նախաձեռնությունների մասին հաճախ էր առաջինը հենց գործակալության միջոցով պատմում հանրությանը:

Ուղիղ մեկ տարի առաջ «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Հայկոյի հիշատակին նվիրված առաջին` «Սերը սիրուց հետո՝ կարոտով...» համերգային ծրագրին կրկին անդրադարձել էինք` կոմպոզիտորի ստեղծագործություններն ու թողած երաժշտական ժառանգությունը գնահատելու, արժևորելու մեծ ցանկությամբ:

Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում