Հարցազրույց

Նյութականացված երգարվեստում Հայկոն շարունակում է գրել սրտից բխող երգեր

10 րոպեի ընթերցում

Նյութականացված երգարվեստում Հայկոն շարունակում է գրել սրտից բխող երգեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երգարվեստը օրեցօր համալրվում է նոր անուններով եւ երգերով, նորի կողքին, սակայն, կան քիչ թվով երաժիշտներ, ովքեր հիթային` հաճախ թիթեռնիկի կյանք ունեցող երգերի «տեղատարափ»-ի փոխարեն ունկնդրի ուշադրությանը ներկայացնում են բոլորովին այլ բան. անում են իրենց գործը եւ անում են լավ:

Երգիչ, երգահան Հայկոյին վերջին ժամանակներում հաճախ եթերում չես հանդիպի, մինչդեռ հայկական երգարվեստի ձեւավորման գործում իր ներդրումն ունեցող երգիչը շարունակում է ստեղծագործել եւ նոր գաղափարներ կյանքի կոչել:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայկական երգարվեստի եւ այլ թեմաների շուրջզրուցեց ՀՀ վաստակավոր արտիստի հետ :

-Հանդիսաեսը Ձեզ ամեն օր հեռուստաեթերում չի տեսնում, համերգներով հազվադեպ եք հանդես գալիս: Ստեղծագործական ի՞նչ գործունեություն եք ծավալում ներկա ժամանակահատվածում:

- Եթե նախկինում հեռուստատեսությամբ կային բազմաթիվ նախագծեր, ապա այժմ այնպիսի ժամանակաշրջան է, որ դրանց թիվն այնքան էլ շատ չէ, եւ դրանով է պայմանավորված իմ` հաճախ եթերից չերեւալը: Սակայն իրականում միշտ ասել եմ այդ մասին, որ սիրում եմ ստեղծագործական դադարներ ունենալ: Վերջին տարիներին ավելի սերտ է համագործակցությունս կինոյի հետ, սիրում եմ գրել երաժշտություն ֆիլմերի համար: Այժմ նաեւ ներգրաված եմ իմ երկու ձայներիզների պատրաստման աշխատանքներում, որոնցից մեկը ռոմանսային, մյուսը` հեղինակային երգեր են: Շատ ժամանակ անցկացնում եմ սեփական ձայնագրման ստուդիայում, ուր բացի իմ նախագծերից իրականացվում են բազմաթիվ այլ երաժշտական նախագծեր եւս:

-Դուք այն երաժիշտներից եք, ով կարծես «կոմերցիա» կոչվող երեւույթից փոքր-ինչ անմասն է մնացել, դժվար չէ՞ արդյոք քանակի կողքին առանձնանալ որակով:

- Իրականում ճիշտ նկատեցիք, քանի որ ներկայում պայքարը «կատաղի» է, երբ գավառականությունը եւ ռաբիսությունը գերիշխում են երգարվեստում: Ես որքան էլ փորձեցի պայքարել, բայց դա շատ դժվար էր: Բայց պետք է նկատեմ, որ երեւի թե ժամանակն է իրենը թելադրում, եւ ամբողջ աշխարհում է այդպես: Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներում միայն Quincy Jones կամ AL Jeroեն լսում, այսպես է նաեւ Հայաստանում: Ես` որպես երաժիշտ, ամեն կերպ փորձում եմ գուցե ոչ թե պայքարել, որովհետեւ ազատ աշխարհում ենք ապրում, եւ ով ինչ ցանկանում է, այն էլ ստեղծագործում է, այլ պարզապես` մի քիչ ավելի ազգային մտածելակերպով շարժվել: Պետք է ձգտել ամեն ինչի ավելի «մաքուր» տեսակին:

-Հայկական երգարվեստի «անմխիթար» վիճակի մասին վերջերս շատ է բարձրաձայնվում, ինչպե՞ս կբնորոշեիք ներկայիս երգարվեստը, կամ ժամանակակից տերմինաբանությամբ ասած` շոու բիզնեսը, ի՞նչը կցանկանայիք փոխել:

- Կարծում եմ, որ այս գործում իրենց անմիջական դերը ունեն նաեւ զանգվածային լրատվական միջոցները: Այսօր հետեւելով լրատվական կայքերին` նկատել եմ, որ մեծ մասը քաղաքականություն է կամ այսպես ասած` միմյանց վրա «ցեխ շպրտելու» գործընթաց: Դժվար է գտնել դրական լիցքերով տեղեկատվություն: Հասկանում եմ, որ դա եւս կապված է շուկայական հարաբերությունների հետ, եւ երբ մարդու մասին վատն են գրում, շատ ավելի ընթերցվող է դա, քան` լավը: Սակայն, կարծում եմ, լրատվամիջոցները այստեղ իրենց մեծ դերը կարող են ունենալ: Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանը ինձ համար հեղինակություն է, ով Հայաստանի համար շատ ծանր ժամանակներում ստեղծագործել է եւ նոր նախագծել իրականացրել: Նա մտցրել է ճաշակ հայկական երգարվեստ, իր նման ազնիվ ստեղծագործ աշխատող մարդկանց մեդիադաշտը պետք է աջակցի, որովհետեւ եթե նրանց էլ «խորտակենք», ապա ի՞նչ ենք ունենալու առաջիկայում:

- Հայկական ֆիլմարտադրության մեջ Դուք ունեք Ձեր ձեռագիրը, դրանք մի շարք ֆիլմերի այցեքարտը դարձած soundtrack-ներն են: Ձեր դիտարկմամբ, ո՞ր ֆիլմի երաժշտությունն էր ամենապահանջվածը:

-Իմ առաջին աշխատանքը եղավ «Մի վախեցիր» գեղարվեստական ֆիլմում, որը շատ սիրում եմ, հատկապես այն բանի համար, որ ֆիլմի ստեղծումը իրականացավ մի ժամանակահատվածում, երբ գրեթե չկային հայկական արտադրության ֆիլմեր: Ֆիլմի համար երաժշտություն գրելը երազանք էր, ամբողջ կյանքում կարծես գիտեի, որ կարող եմ գրել երաժշտություն ֆիլմերի համար: Շնորհակալ եմ Հանրային հեռուստատեսությանը, որ ինձ վստահեց այս գործը, քանի որ սկզբնական շրջանում, երբ հեռուստաալիքի ղեկավարությունը ինձ էր վստահում երաժշտություն գրելը, մտավախություն ուներ, որ չեմ կարողանա: Շատ երկար ժամանակաշրջան ստեղծագործական թիմով ապրում էինք այդ ֆիլմով, եւ պատահական չէ, որ «Եվրատեսիլ 2007»-ին իմ ներկայացրած երգի երաժշտությունը վերցված էր հենց այս ֆիլմի soundtrack-ից: Յուրաքանչյուր ֆիլմի երաժշտության վրա ես շատ սրտանց եմ աշխատել եւ փորձել եմ անել այնպես, որ ստեղծագործությունները տարբերվեն միմյանցից: Իհարկե կա իմ ձեռագիրը, բայց թե՛ «Ոչինչ չի մնա»-ում, թե՛ «Սպանված աղավնի»-ում, թե՛ «Խաչագողի հիշատակարան»-ում հնչում է բոլորովին տարբեր ոճերի երաժշտություն:

- Անդրադառանալով «Եվրատեսիլ»-ին. հետադարձ հայացք նետելով` ի՞նչ տվեց մրցույթին մասնակցությունը Ձեզ որպես երաժշտի, եւ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը չմասնակցեց:

-«Եվրատեսիլ»-ը համարում եմ, համենայն դեպս Եվրոպայում եւ մեր տարածաշրջանում, ամենակարեւոր երաժշտական միջոցառումներից մեկը:Մեզ նման երկրների համար նման միջոցառմանը` երաժշտական տոնին մասնակցելը շատ կարեւոր է: Որակի, ինչպես նաեւ կազմակերպչական առումով մրցույթը ամենաբարձր մակարդակում է գտնվում, քանի որ մենք հայաստանյան պայմաններում նման մասնագետների հետ շփվելու, բարձրակարգ տեխնիկայի հետ աշխատելու հնարավորություն չունենք: Այնպես որ, կարծում եմ, այն «անմակարդակ» մրցույթ չէ, ինչպես շատերն են ասում: Հետեւելով մրցույթին` հավանում եմ 2012-ի մասնակից երկրների երգերը, որոնց թվում իսկապես կային արվեստի գործեր: «Եվրատեսիլ»-ը նաեւ կոմերցիոն մրցույթ է, քանի որ պետք է 3 րոպեների ընթացքում 700 միլիոն եւ ավելի հանդիսատեսի սիրտ գրավել: Մրցույթին տարբեր տարիների կտրվածքով մասնակցել են այնպիսի համաշխարհային մեծության արտիստներ, ինչպիսիք են Հուլիո Էգլեսիասը, Սելին Դիոնը, որոնք չեմ կարծում, թե ցածր մակարդակի արտիստներ են:Ինչ վերաբերում է «Դորիանս»-ին, ապա ես շատ եմ սիրում նրանց երաժշտությունը, եւ խումբը այնպիսի բարձր մակարդակ ունի, որ կարծում եմ` չնայած նրան, որ հրաժարվել է այլեւս մասնակցել մրցույթին, վատ չի լինի, եթե ապագայում նման առաջարկ ստանա Հանրային հեռուստաընկերության կողմից եւ մասնակցի մրցույթին:

-Ինչպե՞ս են ծնվում Ձեր երգերը, արդյո՞ք այդ գործընթացի համար հարկավոր է հատուկ ստեղծագործական միջավայր:

- Ինքս ինձ համար էլ եմ փորձել վերլուծել այս հանգամանքը: Լինում են դեպքեր, երբ բավականին երկար ժամանակ ցանկություն չեմ ունենում մոտ գնալ գործիքին` երաժշտություն գրելու համար: Ինձ թվում է` երգ գրելու գործընթացը անմիջական կապ ունի իմ կյանքի տվյալ ժամանակաշրջանի հետ: Լինում է ստեղծագործական դադար, նաեւ հակառակը, երբ մի քանի երգ միանգամից է ծնվում:

- Ե՞րբ եք ծրագրում մենահամերգ ունենալ:

- Առաջին անգամ պետք է խոսեմ կայանալիք մենահամերգի մասին: Շատ ոգեւորված եմ նոյեմբերին կայանալիք մենահամերգի գաղափարով, քանի որ աշխատելու եմ իմ սիրած թիմի հետ, որոնց շարքում են Գրիգոր Գասպարյանը, ում վաղուց եմ ճանաչում: Նա լինելու է համերգի բեմադրիչ ռեժիսորը: Կլինի նաեւ իմ ընկեր, օպերատորական մասի ղեկավար Միհրան Ստեփանյանը: Ամենաուրախալին ինձ համար այն է, որ չնայած նրան, որ այդ գաղափարը բարդ էր Հայաստանում իրականացնել, երազանքի պես մի բան էր` դա մենահամերգին նվագախմբի առկայությունն էր, ինչը ինձ մոտ հաջողվել է` շնորհիվ իմ ընկեր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի: Համերգը տարբերվելու է մնացած համերգներից. այն լինելու է դասական-էստրադային ոճում:

- Ձեր երգացանկում ընդգրկված երգերը` լինի դա հին հայկական երգերի նոր մոտեցում, իսպանական ռիթմեր, թե ռոմանս, հանդիսատեսին անտարբեր չի թողնում: Որտե՞ղ է թաքնված գաղտնիքը:

-Անկեղծ եմ ստեղծագործում, դրանից է: Հավատեցք, երբեմն իմ տեսահոլովակներից կամ երգերից մեկը լսելիս ինքս ինձ հարցնում եմ` գուցե կարելի էր ավելի կոմերցիոն աշխատանք անել, ընտրել մեկ այլ բան, բայց ես ստեղծագործում եմ, այն ինչ բխում է սրտից, եւ կարծում եմ հենց այդ անկեղծությունն էլ գնահատվում է հանդիսատեսի կողմից:

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում