Մեկնարկել է ոստիկանների ատեստացիան. ՀՀ ՆԳՆ փոխնախարար Սարգսյանը հանդիպել է առաջին մասնակիցներին
2 րոպեի ընթերցում
![Մեկնարկել է ոստիկանների ատեստացիան. ՀՀ ՆԳՆ փոխնախարար Սարգսյանը հանդիպել է առաջին մասնակիցներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1117794.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակից ծառայողներն առաջինն են, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ատեստավորմանը ու հաջողության դեպքում բարձրացնելու իրենց սոցիալական երաշխիքները՝ օրինակ դառնալով մյուս ծառայողների համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, օգոստոսի 21-ին, ատեստացիայի առաջին օրը, ընդհանուր գիտելիքների ստուգմանը հետևում էր ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա ողջունել է ներկաներին և մաղթել հաջողություն։
«Գործընթացին հետևում էին նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետն ու տեղակալները, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ ատեստացիային ընդառաջ իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով մշակվել է համապատասխան ուղեցույց։
Ատեստացիայի առաջին՝ ընդհանուր գիտելիքների ստուգմանը, որի ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում էր, մասնակցում էին Ոստիկանության զորքերի, ոստիկանության տարածքային բաժինների և պետական պահպանության գլխավոր վարչության 89 ծառայողներ, իսկ ընդհանուր առմամբ՝ ատեստավորման համար դիմել է արդեն 1272 ոստիկան։
Ոստիկաններն ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։
Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։