Հասարակական

ՀՀ ՆԳ նախարարն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ դեսպանության միջև ձևավորված սերտ համագործակցությունը: Նա նաև ներկայացրել է նախարարության կազմավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները։

«ՆԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կզարգանա, և վերահաստատել է այդ ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նարիման Ալ Մուլլան մատնանշել է երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել մի շարք ուղղություններով։

Այս համատեքստում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է Ջրային պարեկային ծառայության ստեղծման մասին։ Հայտնելով, որ ծառայությունը կսկսի գործել ամիսներ անց՝ փոխնախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ հատկապես առանձնացնելով ծառայողների վերապատրաստման և նյութատեխնիկական բազայի ձևավորման գործընթացները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՆԳ նախարարի տեղակալն առաջարկել է ոլորտի վերաբերյալ համագործակցության հնարավոր ուղղությունները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են նաև ծառայություններում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև Փրկարար ծառայության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում