Վաշինգտոնը ձգձգում է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը․ թեմային անդրադարձել է կոնգրեսական Փալոնը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փալոնը գրել է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
I've long opposed military assistance to Azerbaijan, especially now as Aliyev continues to violate international law and commit numerous human rights abuses against Armenians in Artsakh. We must stand by our values and get tougher if we hope to secure peace in the Caucasus. https://t.co/OO1UgCnjtJ
— Rep. Frank Pallone (@FrankPallone) August 17, 2023
«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և բազմաթիվ ոտնձգություններ կատարել Արցախ հայերի իրավունքների դեմ: Մենք պետք է պահպանենք մեր արժեքները և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում», - գրել է կոնգրեսականը։
Իր գրառմանը Ֆրենկ Փալոնը կցել է POLITICO պարբերականի կողմից օրերս հրապարակված հոդվածը, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնհայտորեն չի շտապում վերսկսել Ադրբեջանին ռազմական օգնություն մատակարարելու ծրագիրը։ Դրա պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման սպառնալիքը։
2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։
Ըստ POLITICO-ի Սպիտակ տունը նախկինում 907-րդ բանաձևից հրաժարվում էր մինչև ամառ, սակայն այս տարի դա դեռ տեղի չի ունեցել։